Կողբի թատրոնի դերասանները վստահ են՝ բեմն իրե՛նց համար է

Կողբի թատրոնի ներկայացումը, նոյեմբեր, 2017թ․

Երաժիշտ, մանկավարժ, խմբավար ու նույնիսկ՝ կոշկակար։ Մասնագիտությամբ դերասան չեն, սակայն վստահ են՝ բեմն իրե՛նց համար է. Կողբի թատրոնի անդամները չորս տարվա դադարից հետո միավորվել ու ներկայացումներ են տալիս ոչ միայն իրենց, այլև հարևան մյուս գյուղերում ու քաղաքներում։ Խաղացանկում Գուրգեն Խանջյանի «Կալանք» պիեսն է։

Կողբի մշակույթի տան ղեկավար Սասուն Մուրադյանն է բեմադրության հեղինակը։ «Անում ենք տարին մի անգամ, մեր թատերասեր հասարակության համար՝ տարին մի անգամ, մի ներկայացում՝ իր խաղաշրջանով, ու, պատկերացեք, դարձել է ներկայացումների էդ խաղաշրջանը, մի տեսակ, ես ասում եմ՝ դա տոն է դառնում, ոչ թե նրա համար, որ ես շատ լավ եմ բեմադրում, մարդիկ իրենք թող ասեն, բայց գոնե էն, որ մարդիկ կարող են հավաքվել, գալ, մի դահլիճում նստել, հետո վերջում բարձրանանք միասին, քննարկենք, դիտողություններ․․․ տոն չի՞», - «Ազատության» հետ զրույցում ասում է Մուրադյանը:

Կոշկակարության արհեստը Սերգեյ Յարալյանը պապի եղբորից է ժառանգել։ Արհեստն արվեստի հետ կարողացել է համադրել։ Երիտասարդ տարիներից ժողովրդական երգեր է երգել, նաև՝ մեծ ու փոքր դերեր խաղացել։

«Ի միջի այլոց, բեմում կոշկակարի դեր տարել եմ, մեր Մուրադյան Սասունը «Պոկված կրունկներ» ներկայացում դրեց, ես գլխավոր դերում էի՝ ինքն էլ կոշկակար: Նույնիսկ շատ հետաքրքիր մոմենտ եղավ՝ երբ բեմը բացվեց, ժողովուրդը տեսան, որ ես կոշկակարի սեղանի առաջ կոշիկ եմ սարքում, գործը, իհարկե, լուրջ գործ էր, բայց միահամուռ սաղ ծիծաղեցին, որ կոշկակարը եկել ա կոշկակարի դեր ա տանում», - «Ազատությանը» պատմում է Յարալյանը:

Շուրջ 40 տարվա նստարանները թատերախմբի անդամներն իրենք են խնամքով ներկել ու համարակալել։ Փորձել են լուծել նաև դեկորների ու լուսավորության հարցը։ Փոքր դահլիճն էլ վերանորոգել են տիկնիկային ներկայացումների համար։

«Եթե աշխատանքին ա վերաբերում՝ դա տնօրեն, հաշվապահ․․․ մեր մոտ ընկերություն ա՝ մշակույթի ողջ աշխատակազմով, որ կարող ենք այ էսպես շորերներս փոխել, նույնիսկ՝ չփոխել, վերցնել սղոց, մուրճ, մեխ ու սկսել աշխատել: Սխալ չլինի ասածս՝ չեմ կարծում, որ պիտի ամեն ինչ պրոֆեսիոնալ, էստեղ դրված, էդ հայելիներով, լույսերով․․․ չէ, ինչի՞ համար: Մենք մեկ-մեկ ասում ենք՝ կեցցե՛ աղքատությունը նաև՝ բառիս լավ իմաստով աղքատություն, որովհետև կարող ես հնարել, կարող ես ցախավելից մի բան սարքել ու․․․ Նաև՝ ի՞նչ ա եղել, եթե նույնիսկ կարելի ա վարագույրի հետևում ընկերներով փոխվել, կամ, չգիտեմ, գրիմի փոխարեն մոխիր օգտագործել, կամ, ինչ-որ, տորթից կրեմ», - ասում է Կողբի մշակույթի տան ղեկավարը:

Դերասաններն ասում են՝ բեմ վերադարձել են կարոտած։ Թեև երիտասարդ տարիներին տարբեր մասնագիտություններ են ընտրել, սակայն ի վերջո գնացել են մանկության երազանքի հետևից. ոմանց չի խանգարել անգամ տարիքը․

«Ես արդեն մի տաս օրից 70 տարեկան եմ: Հա, ի՞նչ անենք, ծոցս լիքը վարդ ա հլա, չի խանգարիլ»․․․․

«Մի քանի տարի ես, օրինակ, չէի խաղում և ինձ շատ վատ էի զգում, ես մտածում էի, թե ինչի եմ ինձ վատ զգում: Եվ որ նորից բեմ բարձրացա, ես զգացի, որ հենց դրանից ա, որ վատ էի զգում, որովհետև ես բեմի մարդ եմ»․․․․

«Ես հասարակական կարծիքը հաշվի չառնելով հանդերձ՝ շատ համարձակ էլ բեմ բարձրացա, ո՛չ իմ տղաները, ո՛չ իմ թոռները ոչինչ չասացին, հլա ողջունեցին, ես ինձ դրա համար լավ զգացի, որովհետև հիմա մենակ եմ ապրում՝ սա իմ զբաղմունքն ա նաև, իմ առօրյան ա, իմ կյանքն ա էս պահին»․․․

Թատրոնից բացի այստեղ գեղարվեստի դպրոց է գործում։ Հատուկ հյուրերին էլ անպայման թանգարանն են ցույց տալիս։ Խոշորացած համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի կարծիքով՝ Կողբը տարածաշրջանի մշակութային կենտրոնն է։ Թատրոնը վերաբացվեց մշակութային կյանքն է՛լ ավելի աշխույժ դարձնելու համար։ Համայնքապետը ոչ միայն թատրոնի ներկայացումները բաց չի թողնում, այլև՝ փորձերը։

«Մինչև թատրոնի պրեմիերան, կարելի է ասել, ես էդ պիեսին լրիվ ծանոթանում եմ ու անգամ կարողանում եմ դիտողություններ անել՝ որտեղ մոռացան, երբ մոռացան, ինչի պիտի արվի: Լինում են դեպքեր, երբ թատրոնի փորձերին դիտողություններ եմ անում, ուզում եմ նորամուծություն լինի, չգիտեմ: Մի խոսքով, նենց չի, որ ես պրոֆեսիոնալ եմ՝ պրոֆեսիոնալ չեմ, երևի ավելի շատ սերը թատրոնի նկատմամբ՝ դա ա ինձ հուշում», - «Ազատության» հետ զրույցում ասում է համայնքապետը:

Թատրոնի տոմսերը, որ 500-600 դրամ արժեն, միշտ չէ, որ վաճառվում են։ Ռեժիսորն ու դերասանները վստահ են՝ պատճառն այն չէ, որ տավուշցիները թատերասեր չեն՝ «ուղղակի ֆինանսական միջոցների պատճառով չեն կարողանում հաճախել, նույնիսկ չեն էլ մտածում, որ արժե՞ գնալ, թե՞՝ ոչ»:

«Պիեսը հենց Ձեր հարցի պատասխանն է, որ կարելի ա կտրվել էդ հոգսերից, էդ կալանքից ազատվել ու մի քիչ հոգևոր սննդին ուշադրություն դարձնել», - ընդգծում է համայնքապետ Արսեն Աղաբաբյանը:

«Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի՝ Կողբի թատրոնին նվիրված թողարկումը կարող եք դիտել այստեղ․