Չնայած Ադրբեջանի ջանքերին՝ Booking.com-ը վեսկսել է հյուրանոցների ամրագրումը Ղարաբաղում

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակն այսօր ասել է, որ Նիդերլանդներում գրանցված Booking.com կայքը վերականգնել է Ղարաբաղում հյուրանոցի սենյակներ ամրագրելու հնարավորությունը, որի դեմ Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկում՝ այն համարելով հակաօրինական: Booking.com կայքը ամբողջ աշխարհում հյուրանոցներ առաջարկող ամենահայտնի ճանապարհորդական կայքերից մեկն է:

«Ադրբեջանական օկուպացված տարածքներում հյուրանոցներ առաջարկող Booking.com կայքի գովազդը հակասում է միջազգային նորմերին», - ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հիքմեթ Հաջիևը, հավելելով, թե միջազգային դրամական փոխանցումները դեպի Ղարաբաղ փակ են, և ըստ նրա՝ Booking.com կայքով իրականացվող օն-լայն պատվերները, դրանցից ստացված կայքի եկամուտները «հավասարազոր են դրամական անօրինական փոխանցումների և կեղտոտ փողերի լվացման»:

«Այս իրավիճակի հետ կապված` Արտաքին գործերի նախարարությունը, Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունները համակարգված գործողությունների են դիմել, ինչպես նաև համապատասխան հրահանգներ են ուղարկվել Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանությանը», - ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Ղարաբաղի մշակույթի, երիտասարդության հարցերով և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության հարցերը համակարգող Արտակ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Մեզ համար նորություն չէ, որ ադրբեջանական կողմը տարբեր միջոցներով փորձում է ազդեցություն գործել նաև զբոսաշրջության բնագավառի վրա, չնայած զբոսաշրջությունը քաղաքականության հետ կապ չունեցող ոլորտ է: Այստեղ մենք խնդիր ենք տեսնում ոչ թե Ադրբեջանի դիրքորոշման հետ կապված, որը մեզ համար նոր չէ, մեզ համար ավելի մեծ խնդիր կլինի, եթե այդ կազմակերպությունները փորձեն շարժվել Ադրբեջանի առաջարկած տրամաբանությամբ»:

Գրիգորյանի գնահատմամբ, հենց Ադրբեջանն է խախտում միջազգային նորմերը ու փորձում է խոչընդոտել նաև զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսներին Ղարաբաղի մասնակցությանը: - «Ամեն դեպքում մենք փորձում ենք արձագանքել և արժանի պատասխան տալ նրանց», - նշեց նա:

Արտակ Գրիգորյանը հայտնեց, որ Ղարաբաղում հինգ տասնյակ հյուրանոցներ կան, ընդհանուր առմամբ 1400 մահճակալներով, իսկ զբոսաշրջիկների թիվը այս տարվա 10 ամիսների տվյալներով, անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է մոտավորապես 40 տոկոսով: 2017-ին արդեն 20 հազարից ավելի զբոսաշրջիկ է այցելել Ղարաբաղ: Նա հատուկ նշեց, որ խոսքը միայն օտարերկրացի զբոսաշրջիկների մասին է: Ղարաբաղի զբոսաշրջության ոլորտի վիճակագրությունը հայաստանցիների այցերը չի հաշվում: