Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին Գևորգ Սաֆարյանն այսօր որևէ հայտարարություն չարեց՝ կապված իրեն «Նուբարաշեն» ՔԿ-ում երկու օր առաջ ծեծի ենթարկելու հետ, ինչի մասին ընդդիմադիր ակտիվիստի փաստաբան Տիգրան Հայրապետյանն էր «Ազատության» հետ զրույցում պնդել:
Այսօրվա դատական նիստին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ մեղադրվող Սաֆարյանը երկար չմնաց: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրան կրկին հեռացրեց նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու՝ ոտքի չկանգնելու հիմնավորմամբ։
Սեֆիլյանի գործի շրջանակնեում որպես մեղադրյալ անցնող ակտիվիստին ծեծելու մասին դատարանում խոսեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով այս գործով Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանն է, իսկ Սաֆարյանի շահերը ներկայացրել է, այսպես կոչված՝ «Տոնածառի» գործով: Հիշեցնենք՝ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը երեկ հայտարարել էր, թե Սաֆարյանը հիմնարկի աշխատակիցներին բանավոր ասել է, որ իր մարմնի վրա առկա քերծվածքները ստացել է խցում ուշագնաց լինելու և վայր ընկնելու հետևանքով:
«Գևորգ Սաֆարյանին բռնության են ենթարկում, երեկ նրան դիտրոդական խումբն այցելել է և նրան տեսել է բռնության ենթարկված: Նրա դեմքի վրա եղել են բռնության ակնհայտ բազմաթիվ հետքեր: Իմ տեղեկությամբ՝ Սաֆարյանը չի ցանկացել որևէ ձևով բարձրաձայնի այդ մասին»,- այսօր դատարանում հայտարարեց Տիգրան Հայրապետյանը:
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հետազոտվեցին մի շարք ապացույցներ, այդ թվում՝ Սեֆիլյանի և Սաֆարյանի ելույթները։ Ըստ այդմ, Սեֆիլյանը մամլո ասուլիսներից մեկում խոսել է իշխանությունների վարած քաղաքականության մասին, քննադատել նրանց, նշել, որ ընտրություններով իրավիճակ փոխել չի լինի։ «Անցնելու ենք գյուղ առ գյուղ, փողոց առ փողոց, թաղ առ թաղ»,- նշված ասուլիսին ասել էր Սեֆիլյանը՝ խոսելով քաղաքացիական անհազանդության մասին։ Դիտելով տեսանյութը, Սեֆիլյանը պնդեց՝ հիմա էլ է կրկնում իր խոսքերը․ «Այն, ինչ այսօր լսեցիք, ես այժմ նորից կրկնում եմ, շատ այժմեական է»:
Գևորգ Սաֆարյանն էլ երեք տարի առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ անդրադառնալով Հայաստանում առկա իրադրությանը, նշել էր՝ պատրաստ է զոհվել Բաղրամյան 26-ի մատույցներում, նաև ասել էր՝ եթե պետք է կռվենք, կկռվենք, անգամ զենքով։ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց՝ միանում է Սաֆարյանի ելույթին և ստորագրում դրա տակ:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն անդրադառնալով բերված ապացույցներին հարց ուղղեց՝ ինչպե՞ս կարող են դրանք դրվել մեղադրանքի հիմքում։ Նա անհեթեթություն որակեց մեղադրանքն ու ընդգծեց՝ այդ ելույթների ժամանակ իրավապահները դրանց ուշադրություն չեն դարձրել և միայն մի քանի տարի հետո են հիշել դրանց մասին:
«Եթե իրոք այդ տեսանյութերն իրենց մեջ պարունակում էին այնպիսի հանգամանքներ, փաստեր, տեղեկություններ, որոնք վկայում էին հանցագործության մասին, ապա մինչև 2017 թվականի ապրիլի 15-ը, այինքն՝ գրեթե 3 տարի որտե՞ղ էր գտնվում իրավապահ համակարգը, մեղադրանքի կողմը: Եթե 3 տարի այդ նյութերը չեն դիտարկվել արգելված կամ չթույլատրված, ապա ինչու՞ 2017 թվականի ապրիլի 15-ին դարձան այդպիսին»,- հարց հնչեցրեց փաստաբան Պապիկյանը:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ հայտարարեց՝ գլխավոր դատախազը պետք է պատասխան տա Գևորգ Սաֆարյանի, իր բնորոշմամբ՝ ապօրինի կալանավորման համար։ Ի պատասխան, մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանն ասաց՝ փաստաբանները տեսանյութերից միայն հատվածական մեջբերումներ են անում, ինչը ճիշտ չէ:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն անդրադառնալով քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Սմբատ Գալոյանին, հայտարարեց՝ հենց նա է նպաստել, որ գործ հարուցվի Սեֆիլյանի դեմ: Դա է պատճառը, որ Գալոյանն այժմ ազատության մեջ է։ Պապիկյանը նշեց՝ չի բացառում, որ Գալոյանը «չգաղտնազերծված գործկալ է»՝ դատարանին միջնորդելով ճշտել այդ հանգամանքը։ Դատավորն անհիմն լինելու պատճառաբանությամբ այդ միջնորդությունը չքննեց։
Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։
Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը՝ այն կապելով իր քաղաքական գործունեության հետ: Սեֆիլյանից զատ մեղադրանք է առաջադրված ևս վեց անձի։ Այս գործով անցնող Գևորգ Սաֆարյանը, հիշեցնենք, «Տոնածառի» հայտնի գործով արդեն իսկ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: 2016 թվականի հունվարի 1-ին նա փորձել էր Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել: