Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ամուսնացան

Սերենա Ուիլյամսը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ժամանակ, օգոստոս, 2016թ․

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը և Reddit-ի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ամուսնացան:

Նյու Օռլեանում տեղի ունեցած հարսանեկան արարողությանը մասնակցել են ավելի քան 200 հյուրեր՝ այդ թվում երգչուհի Բեյոնսեն, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Vogue-ի խմբագիր Աննա Վինտուրը:

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Ուիլյամսն ու Օհանյանը ամուսնացել են շուրջ երկու տարվա համատեղ կյանքից հետո: Սեպտեմբերի 1-ին զույգը դուստր է ունեցել՝ Ալեքսիս Օլիմպիան:

36 տարեկան Սերենա Ուիլյամսը, ով յոթ անգամ հաղթել է Ավստրալիայի Բաց մրցաշարում և ամենաշատ տիտղոս վաստակած թենիսիստուհիներից է, համարվում է աշխարհի ամենահարուստ մարզիկներից մեկը: 34-ամյա Օհանյանը աշխարհի TOP-100 կայքերից մեկի՝ Reddit.com-ի համահիմնադիրն է: Forbes-ը երկու տարի անընդմեջ նրան ընդգրկել է «30 Under 30» ցանկում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի ազդեցիկ ներկայացուցիչ: