Շարունակվում են Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնման աշխատանքները

Ռուսթավելի փողոցը Գյումրիում:

Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնման ծրագիրն արդեն տեղափոխվում է Շիրազի ու հարակից մի քանի փողոցներ: Բոլոր կոմունիկացիաներն այստեղ լինելու են ստորգետնյա:

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում հավաքվել էին ոլորտի պատասխանատուները և քննարկում էին, թե ինչ խնդիրներ կան:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ասաց, որ նախագծման աշխատանքներին զուգահեռ պետք է սկսվեն նաև ստորգետնյա կոմունիկացիաների անցկացման աշխատանքները: Արդեն կա նաև մոտավոր հաշվարկը, թե որքան գումար է ներդրվելու․ - «Դրա արժեքը կազմում էր շուրջ 950 միլիոն դրամ, և քանի որ մենք էդ փոփոխությունները պետք է անենք նախագծի մեջ, ծրագրում կնվազի արժեքը, 785 միլիոնի սահմաններում ենթադրում ենք, որ կավարտենք նաև Շիրազը»:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը շտապում է, ասում է, որ հենց վաղն էլ կարող են սկսել կոմունիկացիաների անցկացման աշխատանքները․ - «Եթե մենք հիմա չքանդեցինք, մենք, մենք մարտ ամսին սկսենք քանդել, մենք չենք հասցնի դեկտեմբերի 7-ին էդ փողոցները շահագործել: Դրա համար էս ձմեռը մենք պետք է կարողանանք օգտագործել»:

Գազի, ջրի ու կոյուղու անցկացման հարցում խնդիրներ գրեթե չկան: Ամենամեծ խնդիրը կունենա էներգամատակարարողը: ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Մարտիրոսյանը առանց հենասյուների առկայության հարցի լուծում չի տեսնում․ - «Մեր մոտ նաև չկա հստակեցում, թե հարակից փողոցների էներգամատակարարումը ոնց է իրականացվելու: Մենք հասկացանք, որ Ռուստավելիում բոլոր հենասյուները հանեցին, բայց հարակից փողոցները դրեցինք ևս մեկ հենասյուն, որ մարդկանց կարողանայինք լույս տայինք: Հարակից փողոցներում մենք ո՞նց ենք առաջ շարժվում, թողնո՞ւմ ենք հենասյուները»:

Քաղաքապետն արձագանքեց, որ ոչ մի հենասյուն չեն թողնելու: Մարտիրոսյանն արձագանքեց․ - «Մենք չունենք նման գործ արած Հայաստանում, որ սեփական սեկտորում բազմաթիվ տներում մալուխայի գծերով լարում տանք: Ես չեմ տեսել»:

«Չլինող հարց չկա», - հակադարձեց Սամվել Բալասանյանը․ - «Նախագծողների հետ պիտի աշխատեք, լուծումը գտնեք: Փողը տրվում է, ինչի՞ մասին է խոսքը: Դուք չե՞ք անում, ուրիշը կանի, խնդիր չկա»:

«Աշխատանքների մեկնարկից առաջ կարևոր է նաև փաստաթղթերի առկայությունը», - հիշեցրեց քաղաքաշինության տեսչության մարզային կառույցի ղեկավար Ժորա Միքայելյանը՝ օրինակ բերելով ծրագրում ընդգրկված և վերջերս հանդիսավորությամբ բացված Ռուսթավելի փողոցը, որի ավարտական ակտերն մինչև օրս չկան:

Այսօր բարձրաձայնված խնդիրները կքննարկվեն նաև վաղը՝ վարչապետի մասնակցությամբ: Կարեն Կարապետյանը Գյումրիում կրկին կշրջի պատմական կենտրոնով: