«Դասադուլի դադարեցումը նախապես ծրագրված սցենար չէր». Շարմազանով

Ցուցարար ուսանողների հետ բանակցած իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է՝ դասադուլի դադարեցումը նախապես ծրագրված սցենար չէր:

Ազգային ժողովի փոխխոսնակի փոխանցմամբ, նա անգամ տեղյակ չի եղել, որ խորհրդարանի առջև ուսանողները ցույց են անում, այդ մասին լրագրողներից է իմացել:

Ի դեպ նկատենք, մինչև բանակցությունների մեկնարկն ու հացադուլի և դասադուլի դադարեցումը, Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ գուցե ուսանողները դադարեցնեն դասադուլը։ Իշխող Հանրապետականի խոսնակն այսօր նշում է՝ ընդամենը ինքը ցանկություն է հայտնել, միգուցե նաև մարգարեական:

«Ազատություն». - Երբ որ Դուք ինձ հետ հարցազրույցում չբացառեցիք, որ գուցե նրանք այսօր դադարեցնեն հացադուլը, դա 11։30 էր, չկա՞ր այդ պահին արդեն պայմանավորվածություն Ձեր և ուսանողների միջև։

Շարմազանով. - Պայմանավորվածությունը եղել է 13։35։

«Ազատություն». - Դրանից ավելի վաղ՝ զանգե՞ր՝ միջնորդավորվա՞ծ...

Շարմազանով. - Միջնորդավորված չի եղել, ես իմացել եմ, որ նման բան կա, իմ օգնականն ինձ զեկուցեց, որ լրագրողներն ասում են, որ մի քիչ լարված մթնոլորտ է, ասում են նաև, որ Ազգային ժողովի ղեկավարությունից այնտեղ մարդ չկա, ես իջել եմ դահլիճի մոտ և լրագրողների միջոցով խնդրել եմ, որ, եթե հնարավոր է, մինչև ժամը 2-ը հինգ հոգանոց խումբ գա, էդ ընթացքում ես զանգահարել եմ Գագիկ Մխեյանին, ով մեր աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն է, խնդրել եմ, իմ օգնական Գեղամ Պետրոսյանի հետ դուրս է եկել Բաղրամյան մուտք, և այնտեղ խոսել է Դավիթ Պետրոսյանի և իր գործընկերների հետ, նրանք խնդրել են հինգ, թե տասը րոպե քննարկում, քննարկել են և 2-ին 2։05 սկսել է հանդիպումը։

«Ազատություն». - Այսինքն՝ դա ենթադրությո՞ւն էր, որ Դուք ասում էիք, որ «նրանք կարող է այսօր հացադուլից դուրս գան»։

Շարմազանով. - Ենթադրություն չէր, ցանկություն էր՝ մի՞գուցե մարգարեական, չեմ կարող ասել։ Այն, ինչ եղել է, նախապատրաստված չի եղել: Այն, ինչ կա՝ իրականում, դա սցենար չի եղել, դա եղել է իրական: Այսինքն, ես մինչև այդ ո՛չ Դավիթի հետ եմ խոսել, ո՛չ որևէ մեկին ճանաչել եմ: Տեղում ծանոթացել ենք:

«Ազատություն»․ - Նախնական, ստվերային պայմանավորվածություննե՞ր․․․

Շարմազանով․ - Ոչ: Ես ձեզ ասացի՝ դուք եք նաև եղել մոդերատորներից մեկը:

Թե ինչո՞ւ այն, ինչ չհաջողվեց վարչապետին, պաշտպանության, ինչպես նաև կրթության ու գիտության նախարարներին, հաջողվեց իշխող ուժի խոսնակին, Էդուարդ Շարմազանովը միանշանակ պատասխան չունի, սակայն կարծում է, որ խնդիրը հանգուցալուծվեց և 7 օր շարունակվող դասադուլն ու մեկօրյա հացադուլն ավարտվեցին նաև Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, Կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի և Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի ջանքերով:

«Յուրաքանչյուրի առկայությունն այդ սենյակում շատ կարևոր էր, չորսից որևէ մեկը չլիներ, կարող է չլիներ», - ասաց Շարմազանովը։

Նշենք, որ խորհրդարանականների և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում նոյեմբերի 22-ին կկազմակերպվի կլոր սեղան, որի ընթացքում կքննարկվեն ուսանողների առաջարկները ոչ միայն տարկետման իրավունքի հետ կապված, այլև ընդհանրապես բուհական կրթությանը վերաբերող խնդիրներ: Ընդ որում, ըստ Շարմազանովի, նոյեմբերի 22-ի քննարկումով չեն սահմանափակվելու:

Շարմազանով․ - Ես եմ առաջարկել, ասել եմ՝ բերեք գլոբալ կլոր սեղան անենք, որտեղ և՛ տարկետման հարցը կքննարկենք, և՛ ուսանողության հուզող խնդիրները, և՛, ամենակարևորը՝ բուհական և հետբուհական կրթության հիմնախնդիրները: Նստենք քննարկենք․ կլինեն Ակադեմիայից մարդիկ, պրոֆեսիոնալներ, քննարկեն, հետո ի մի կբերենք այդ քննարկումները, միգուցե մի շաբաթ հետո, տասը օր հետո աշխատանքային խումբ ձևավորենք, կամ այդ քննարկումների արդյունքում մենք չորս ֆոկուս խումբ վերցնենք՝ մեկը տարկետման իրավունքի հետ կապված, մեկը ասպիրանտուրայի հետ կապված և այլն:

«Ազատություն»․ - Դրանք իրավական տեսք կստանա՞ն:

Շարմազանով․ - Ամեն ինչ միանգամից չի լինում, իրավական տեսք ստանալու է կառավարության 70 որոշում։ Այսինքն՝ օրենքում, ինչ-որ մենք ընդունել ենք, ֆիքսված չի շատ բաներ և հիմնական կարգերը ֆիքսվելու են Կառավարությունում, իսկ եթե մենք մեր ուսանողներին չլսենք, մենք ո՞նց պետք է ֆիքսենք, պետք է այնքան երկխոսենք մինչև գանք ընդհանուր հայտարարի։

«Ազատություն»․ - Մեկ ճշտում․ քանի որ այսօր Արտակ Զաքարյանը վերահաստատել է, որ օրենքում փոփոխություն չի լինելու, այսինքն, այն առաջարկներ, որոնք ներկայացնելու են երիտասարդները, դրանք ընդգրկվելու են այդ ենթաօրենսդրական ակտերո՞ւմ, թե՞ հնարավոր է, որ օրենքի լրացումներով հարցը լուծվի:

Շարմազանով․ - Նախ՝ կներեք, ես շատ եմ հարգում իմ սիրելի ընկեր, եղբայր Արտակ Զաքարյանին, բայց օրենքում փոփոխություն կլինի, թե չէ՝ որևէ քարացած օրենք մեր երկրում չկա, նույնիսկ Սահմանադրությունը, որ մեր մայր օրենքն է, ենթակա է բարեփոխումների: Դրա համար յուրաքանչյուր օրենք քարացած դոգմա չէ:

Հավելենք, որ մինչև նոյեմբերի 22-ը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները և Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը աշխատանքային քննարկում են կազմակերպելու, որտեղ որոշելու են, թե ինչ ձևաչափով և որտեղ պետք է անցկացվի նոյեմբերի 22-ի քննարկումը: