Զորավարժություն ԼՂ ՊԲ-ում․ խաղարկվել է հակառակորդի հանկարծակի հարձակման հետմղումը

Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ-ի

Հրետանային ստորաբաժանումների հրամանատարների ու վարչության սպաների մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու և անձնակազմին նոր հմտություններ ու որակներ հաղորդելու նպատակով երեկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի բազայի վրա դիվիզիոնի կազմով անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ, որին հետևել է ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի հանկարծակի հարձակումը հետ մղելու գործողություններ, Դ-20 տիպի հրանոթներից իրականացվել է ուղիղ նշանառությամբ կրակ:

Զորախաղերի ընթացքում գրանցված արդյունքները պարզորոշել են, որ մասնակից անձնակազմը պատրաստ է իրական մարտադաշտում ևս բարձր մակարդակով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում: