Կառավարությունը այսօր փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Հնդկաստանի քաղաքացիներին Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը դյուրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Հիմնավորման համաձայն, երկու երկրների ղեկավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին կնպաստի նաև Հայաստանի սահմանային անցակետերում մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը:
Հիշեցնենք, այս ամսվա սկզբին նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Հնդկաստան, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ, մասնակցել «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: