ՌԴ արդարադատության նախարարությունը զգուշացնում է «Ազատությանը»

Քվեարկությունը Ռուսաստանի Պետական դումայում, Մոսկվա, 15-ը նոյեմբերի, 2017թ.

Արտասահմանից ֆինանսավորվող լրատվամիջոցն «օտարերկրյա գործակալ» ճանաչելու մասին օրինագիծը երեկ Պետական դումայում ընդունելուց ժամեր անց Ռուսաստանի արդարադատության նախարարությունը նախազգուշացումներ է ուղարկել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի 5 ծառայություններին:

Դուման այդ օրինագիծն ընդունել է ի պատասխան Միացյալ Նահանգներում Russia Today (RT, «Ռուսաստանն այսօր») հեռուստակայանը որպես «օտարերկրյա գործակալ» գրանցելու մասին ԱՄՆ-ի պահանջի:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Դումայի որոշումն անվանել է «լուրջ հարված մամուլի ազատությանը»:

Արդարադատության նախարարությունը չի նշել, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կարող են կիրառվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ, սակայն, ըստ Դումայի պատգամավորների, «օտարերկրյա գործակալ» ճանաչվող լրատվամիջոցից կարող են մասնավորապես պահանջել առավել մանրամասն ֆինանսական հաշվետվություն:

Բացի այդ, իշխանությունն այդ լրատվամիջոցին կպարտադրի հաղորդում, ռեպորտաժ ու ցանկացած այլ տեսակի տպագիր, տեսա-ձայնային կամ այլ հրապարակում արտադրողին ներկայացնել որպես «օտարերկրյա գործակալ»:

Ռուսաստանցի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ կարող են ստանալ CNN-ը, «Ամերիկայի ձայն»-ը, «Ազատ Եվրոպա/Ազատություն»-ը և «Գերմանական ալիք»-ը (Deutsche Welle):

Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «Մոսկվան համաչափ պատասխան է տալիս Միացյալ Նահանգներում ռուսաստանցի լրագրողների վրա ճնշում բանեցնելու գործելակերպին»: