Հակախթանիչային համաշխարհային կազմակերպությունը՝ WADA-ն, հայտարարել է, որ Ռուսաստանը տակավին չի կատարում խթանիչների դեմ պայքարի կանոնները:
WADA-ի եզրակացությունը կարող է խոչընդոտել Ռուսաստանի մասնակցությունը հաջորդ տարվա ձմեռային Օլիմպիական խաղերին:
Սեուլում WADA-ի հիմնադրամի ժողովը հավանություն է տվել բողոքարկումների վերանայման կոմիտեի վճռին, ըստ որի, Ռուսաստանի հակախթանիչային գործակալության՝ RUSADA-ի 2015 թվականին սառեցված լիազորություններն առայժմ չեն վերականգնվի:
WADA-ի այդ որոշման արդյունքում Ռուսաստանի հավաքականի մեծ մասը կարող է զրկվել Հարավային Կորեայում հաջորդ տարվա փետրվարին կայանալիք Օլիմպիադային մասնակցելու իրավունքից:
Հարցը դեկտեմբերին Լոզանում (Շվեյցարիա) քննարկելու է Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր խորհուրդը:
Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, ով 2008-2016 թվականներին զբաղեցրել է սպորտի նախարարի պաշտոնը, ասել է, որ «WADA-ի որոշումը սպասելի էր»:
Նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հերքում են պետական մակարդակով խթանիչների օգտագործումը հովանավորելու հնարավորությունը, սակայն WADA-ն պնդում է, որ ունի դա ապացուցող փաստեր:
Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը WADA-ի նոյեմբերի 16-ի վճռից հետո վերստին ասել է, որ «Ռուսաստանը չի ունեցել և չունի խթանիչների կիրառումը պետական մակարդակով հովանավորելու համակարգ»: