Չինաստանի նախագահի հատուկ բանագնացը նոյեմբերի 17-ին կայցելի Հյուսիսային Կորեա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հատուկ բանագնաց, իշխող կոմունիստական կուսակցության արտաքին հարաբերությունների ղեկավար Սոնգ Տաոն ուրբաթ օրը կայցելի Հյուսիսային Կորեա:

Այսօրվա ճեպազրույցում Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտնելով այդ մասին, չի հստակեցրել, թե Փհենյանում արդյո՞ք քննարկվելու են Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի ու փորձարկումների հետ կապված խնդիրները: Նա միայն ասել է, թե Փհենյանում մտքեր են փոխանակվելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Չինաստանի նախագահի հատուկ բանագնացի առաջիկա այցի մասին հաղորդել է նաև Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերությունը:

Չինաստանի նախագահի բանագնացի այցը Փհենյան տեղի է ունենում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ասիական շրջագայության ընթացքում Չինաստան կատարած այցելությունից մեկ շաբաթ անց: Թրամփը Սի Ծինփինին հորդորել էր ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, որի արտաքին առևտրի 90 տոկոսը Չինաստանի հետ է: