Վանաձորի ավագանիում տարբեր կերպ են մեկնաբանում ՍԴ որոշումը, առայժմ հայտնի չէ՝ կկայանա՞ հաջորդ նիստը

Վանաձորի ավագանու նիստում, 18-ը ապրիլի, 2017 թ․

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը տարածել է հայտարարություն, որում վանաձորցիներին կոչ է անում իրավաբանական անվճար խորհրդատվություն ստանալու համար դիմել խմբակցությանը, եթե անցած 7 ամիսներին ավագանու կայացրած որոշումների արդյունքում տուժել են։

Արդեն մեկ տարի ավագանու նիստերը բոյկոտող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը համոզված է, որ կարող են դատական կարգով վերականգնել փոքրամասնության կողմից կայացված որոշումներով աշխատանքից ազատված մոտ 60 վանաձորցիների իրավունքները։ Թեև, ըստ Մարուքյանի, կլինեն նաև մարդիկ, որոնք կվախենան բողոքել, «որովհետև մարդիկ չեն ուզում ի հայտ գալ, որպեսզի հետագայում իրենց որևէմեկը չմեղադրի բողոքելու կամ խնդիրը հանրայանացնելու համար, այս ընթացքում էդ կարգի դեպքեր շատ են եղել»:

Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ին կայացրած որոշմամբ՝ Վանաձորի ավագանիում փոքրամասնություն կազմող Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունների կողմից մարտի 31-ին կայացված որոշումները, այդ թվում՝ քաղաքի զարգացման ծրագիրը, տարեկան բյուջեն և հաստիքացուցակը հաստատելու մասին, ուժը կորցրած կհամարվեն։ Բարձրագույն դատարանը նաև ոչ իրավազոր համարեց անցած 7 ամիսներին ավագանու 33 անդամից ընդամենը 15-ի ներկայությամբ կայացած նիստերը։

Ավագանիում ՀՀԿ խմբակցության անդամ Գայանե Քալանթարյանը, ով պարտաճանաչորեն ներկայացել է ավագանու նիստերին ու մասնակցել քվեարկություններին, այժմ անորոշության մեջ է։ «Ես պարտաճանաչ գործել եմ ու հիմա իմ աշխատանքն անգործություն է համարվում, մի քիչ կազուս է»,- ասում է Քալանթարյանը:

Մեկ շաբաթից Վանաձորի ավագանու հերթական նիստն է նշանակված։ Հանրապետական խմբակցության անդամ Գայանե Քալանթարյանը չգիտի՝ կկայանա՞ այդ նիստը, թե ոչ, քանի որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՏԻՄ օրենքի այն դրույթը, որին հղում կատարելով իշխանական ուժերն ավելի քան 6 ամիս նիստեր են գումարել ու որոշումներ ընդունել։ «Ճիշտ է, հայտարարված է նիստի մասին, բայց դեռ օրակարգ չկա, ես չէի ցանկանա, որ մեր Վանաձորը հայտնվեր այսպիսի պատային վիճակում»,- նշում է ավագանու հանարապետական անդամը:

Միաժամանակ, նա պնդում է՝ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ ՏԻՄ օրենքի համապատասխան հոդվածը Սահմանադրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև ավագանու կայացրած որոշումներն ուժը կորցրած ճանաչելու համար վերջնաժամկետ է սահմանել մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը։ Ըստ Գայանե Քալանթարյանի, դա իրենց հնարավորություն է տալիս մինչև այդ ժամկետը, թեկուզ փոքր թվաքանակով, նիստեր գումարել։

Ընդդիմադիր Քրիստ Մարուքյանը, մինչդեռ, հակադարձում է՝ Սահմանադրական դատարանի որոշումը ցույց է տալիս, որ ավագանու մինչ այժմ կայացած նիստերն ու ընդունած բոլոր որոշումներն անօրինական են։ Նա քննադատում է իշխանությունների պահվածքը և անգամ ՍԴ որոշումից հետո քաղաքապետի արած պնդումները, թե մեծամասնության բացակայությամբ տեղի ունեցած նիստերն օրինական են եղել։ «Իշխող կուսակցությունը փոխանակ փորձի լուծել այս իրավիճակը, ավելի ընդունելի տարբերակներ գտնել, մենք տեսնում ենք, որ իրենց մոտ շարունակվում է կրկին օրենքը շրջանցելու մոտեցումը»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ այս պահին կառավարությունն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անելիք ունեն։ Ընդդիմադիր գործիչներն այժմ սպասում են նոյեմբերի 23-ին, տեսնելու՝ ավագանու նշանակված նիստը կկայանա՞, թե ոչ, և արդյո՞ք բոյկոտին մասնակցած խմբակցությունների անդամները, որոնց հետ, ըստ մամուլի, իշխանությունները բանակցություններ են վարում, կներկայանան այդ նիստին։

«Մեր բոլոր գործողություններն իրականացվում են հանրայնորեն բաց դաշտում և որևէ թաքուն պայմանավորվածություն չենք ունեցել, չունենք և չենք էլ պատրաստվում ունենալ, ի տարբերություն Հանրապետական կուսակցության, որն իր թաքուն պայմանավորվածության ձեռքից մինչև հիմա կրակն է ընկել ու չի կարողանում ելք գտնել»,- ասում է Քրիստ Մարուքյանը: