Սերժ Սարգսյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան

Մոսկվա, 15-ը նոյեմբերի, 2017 թ․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար:

«Մոմավառությունից և գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո, Նախագահ Սարգսյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած մշակութային գործիչների ուղեկցությամբ դիտել է եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած շուրջ երկու տասնյակ խաչքարեր։

Այնուհետև Նախագահը եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում դիտել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում բացված՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը»,- մասնավորապես, նշված է Նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահի հետ՝ քննարկելու «հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր»: