Հացադուլավորները միացան Ազգային ժողովի դիմաց ցույցի մասնակիցներին

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հացադուլ հայտարարած անդամները միացան Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ուսանողներին։

Նրանք ասացին, որ իրենց լավ են զգում, մարտավարությունից ելնելով եկել են այստեղ, սակայն հացադուլը դեռևս չեն դադարեցնում։

«Մտքեր կան, պետք է քննարկենք։ Լսարանից դուրս ենք եկել և եկել այստեղ, որպեսզի դեմ առ դեմ քննարկենք և տեսնենք, թե ինչ ենք անելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ իրավիճակ է փոխվել, և կոչ արեց հացադուլ հայտարարած իրենց չորս ընկերներին դադարեցնել այն ու միանալ իրենց։ «Քանի որ այս պահին գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ, քան երեկ էր կամ այսօր առավոտյան, ես կոչ եմ անում մեր մնացած չորս ընկերներին դադարեցնել հացադուլն ու միանալ մեզ, այս պահին մեզ առողջ բանականություն է պետք, ու իրենց ուղեղներն էլ են պետք, որպեսզի հասկանանք իրավիճակը ոնց ենք հետագայում կառավարելու», - ասաց Կոստանյանը՝ շարունակելով. - «Հացադուլը պակաս կարևոր է այս պահին, ավելի կարևոր է այս պահին հասկանալ, թե այս մարդկանց անվտանգությունն ինչպես ենք ապահովում, և ինչ ենք հետագայում անելու»։

Նշենք, որ Ազգային ժողովը այսօր առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Հիշեցնենք՝ համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էրհոկտեմբերի 27-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։