Ներկայանալ ու նկարահանվել նա հրաժարվեց, բայց պնդեց՝ երեխան նոյեմբերի 8-ին տեղի ունեցած այդ միջադեպից մանրամասներ է պատմել․ - «Երեք երեխա, ասեց, ինձ հրելով ինձ տանում էին տուալետ: Ինքը անընդհատ շեշտում ա, որ իրան հրելով տուալետ են տարել, որ ինքը ոտքերով ուզում էր տորմուզ աներ: Բոլոր ձայնագրությունների մեջ էլ դա կա: Հարցնում եմ՝ ինչի՞: Մամա, ասում ա, մեկը չաղ ա շատ, էնքան ուժեղ ա․․․ Ինքը ձեռքում ցույց ա տալիս, որ գլուխը կպցնում են պատին, մյուսը ձեռքս բռնեց, մյուսը թարթիչներս կտրեց: Ըստ երևույթին, իրա պատմելով, երկու հոգի են կտրել իրա թարթիչները: Երևի հերթով: Ասում ա՝ ես չէի կարող բղավել, ոչ մի բան չէի կարող անել, որովհետև իմ բերանը բռնել էին, իրանք երեք հոգի էին, իրանք ավելի ուժեղ էին»:
7-ամյա տղայի մայրը պատմեց, որ երեխայի հայրը որդուն դպրոցից տուն տանելիս է նկատել կտրած թարթիչներն ու հաջորդ օրը դպրոց է գնացել եղելությունը ճշտելու համար: Տնօրենի աշխատասենյակում որդին մատնացույց է արել երեք տղայի ու պնդել, թե նրանք են իրեն զուգարան տարել, ձեռքերը կապել ու թարթիչները կտրել․ - «Բերել էին տնօրենի սենյակ, երեխաները ասել էին՝ այո, մենք խփել ենք․․․ Նախ երեխայիս տարել են էդ դասարանը, երեխան ցույց ա տվել էդ երեք երեխաներին: Երեխաները ասել են, որ հա, մենք խփել ենք․․․»
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենը, սակայն, պնդում է․ - «Սուտ ա ասում մայրիկը․․․ ի՞նչ սքոտչ, իրանք չեն պատկերացնում․․․ Նմուշի համար մենք մի կպչուն ժապավեն չգտանք»:
Երեխայի մայրը դիմել է դասղեկին ու խնդրել, որ պարզեն ճշմարտությունն ու դպրոցից հեռացնելն այդ երեք աշակերտներին: Բացասական պատասխան լսելուց հետո կինը դիմել է լրատվամիջոցներին․ - «Իմ երեխան նորմալ գնաց, կտրված թարթիչներով, ծեծված վերադարձավ․․․ Բա ո՞վ ա արել: Ինչ որ կատարվում ա դպրոցում, ինքն ա պատասխանատու և բոլոր մանկավարժները»:
Նա վրդովվել էր, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենը լրատմամիջոցների հետ զրույցում դեպքի մանրամասներին անդրադառնալու փոխարեն պատմել էր իր ու երեխայի հոր ամուսնալուծության մասին, որ ներընտանեկան հարաբերությունների մանրամասները տարածելուց զատ, նաև երեխայի առողջական վիճակից է խոսել:
Նա պնդեց, որ նախկին ամուսնու հետ շատ լավ հարաբերություններ ունի:
«Ազատության» հարցին, թե արդյոք ինքը իրավունք ուներ հրապարակել երեխայի ներընտանեկան հարաբերությունների մանրամասները, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն արձագանքեց․ - «Ճիշտն ասած, էդ պահին ես չեմ հասկացել․․․ զայրացած էի․․․ որ բարձրաձայնել եմ մարդկանց պրոբլեմը: Կարող եմ և սխալված լինել․․․ Ես իրավունք ունեմ ասելու, որ երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք»:
Երեխայի մայրն անհանգստացած է նաև, թե ինչու հենց որդու նշած զուգարանի մոտ տեղադրված տեսախցիկը այդ օրը չի աշխատել: Տնօրեն Խոսրովյանն ասաց՝ դա թող պարզեն իրավապահները:
«Ազատության» հետ զրույցում դպրոցի տնօրենն ասաց, թե, երեխայի պատմելով, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին, իսկ հաջորդ օրն այդ երեխան հանդեսի է մասնակցել, ու նրա դեմքին որևէ քերծվածք չի եղել: Խոսրովյանը պնդեց, թե դա երեխայի մոր «հորինած պատմությունն է»․ - «Անկախ բաներ էր խոսում, չկա էդպիսի բան: Երեխան ոչ մի բռնության չի ենթարկվել․․․ Հերթական պարապմունքի ժամանակ սոցմանկավարժը բացահայտում է, ու երեխան ինքն է պատմում, որ ինքը թարթիչները կտրել է»:
Ջոն Կիրակոսյանի անվան դրոցի տնօրեն խոսքով՝ այդ երեխան վառ երևակայություն ունի ու կարող է ամեն ինչ նույնությամբ կրկնել, կարող է հնարել իրականության հետ աղերս չունեցող պատմություններ: Դպրոցի տնօրենը երեխայի մորն է ստախոս անվանում, երեխայի մայրը՝ տնօրենին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանն անթույլատրելի է համարում մարդու անձնական կյանքի մանրամասներ հրապարակելը թե՛ ծնողի, թե՛ տնօրենի և թե՛ լրագրողի կողմից: Դուրյանի փոխանցմամբ՝ այս գործով ոստիկանությունում հետաքննությունը շարունակվում է, քրեական գործ դեռ չի հարուցվել:
Ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների, դպրոցներում և հարակից տարածքներում երեխաների միջև տեղի ունեցած վիճաբանությունների 11 դեպք է արձանագրվել 2014 թվականին, 2015-ին՝ 5 դեպք: 2016-ի առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 1 դեպք:
Հիշեցնենք, 2015-ին Չարենցավանի դպրոցներից մեկում տարրական դասարանի աշակերտների վիճաբանության հետևանքով գլխի մահացու հարված էր ստացել 10-ամյա Դերենիկ Գասպարյանը, գործն այսօր ՄԻԵԴ-ում է: Նույն թվականին Սևանի դպրոցներից մեկում ուսուցչի ու աշակերտի միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով 13-ամյա տղան էր զրկվել մեկ աչքից: