Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հորդորում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին շուտափույթ ազատել Ֆիզիկայի ֆակուլտետի լսարանը: Այսօր նախաձեռնության հինգ անդամներ փակվել են Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում և հացադուլ հայտարարել:
«Ուզում եմ կոչով դիմել ուսանողներին՝ զերծ մնալու այս գործընթացի հետագա անօրինական զարգացումներից, հորդորել շուտափույթ ազատելու Ֆիզիկայի ֆակուլտետի լսարանը և հնարավորություն տալ վերականգնելու դասապրոցեսի բնականոն ընթացքը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Արամ Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով, համոզվելով, որ դասադուլի կոչերը բողոքի ակցիայի ակնկալվող համակիրների բանակ չեն ապահովում, երիտասարդներն ընտրեցին այդ մեթոդը․ - «Անկեղծ ասած, ես սրա մեջ շանտաժի պարզ տարրեր եմ տեսնում՝ ուղղված հասարակությանը և կոնկրետ ԵՊՀ-ին: Հացադուլ հայտարարելն իրենց իրավունքն է, սակայն դա անել՝ փակվելով կրթական հաստատության լսարանում, և հազարավոր ուսանողների կրթության սահմանադրական իրավունքի խախտման հաշվին իրականացնել բողոքի ակցիա, կարծում եմ՝ անընդունելի է: ԵՊՀ-ն հանրային նշանակության հիմնարկ է, բարձր է գնահատում խոսքի ազատության և բազմակարծության արժեքը, սակայն այդօրինակ վարքագիծը մերժելի է»:
Հայաստանի մի շարք բուհերի ուսանողներ արդեն վեցերորդ օրն է՝ դասադուլ են հայտարարել՝ բողոքելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծով: Ազգային ժողովն ընդունել է նախագիծը առաջին ընթերցմամբ, այսօր այն քննարկվեց երկրորդ ընթերցմամբ, քվեարկությունը նախատեսված է վաղը: