Առևտրականները պահանջում են պարզել՝ ինչպես են հարստացել վարչապետն ու ՊԵԿ նախագահը

Այսօր մի քանի տասնյակ առևտրականներ բողոքի ակցիա էին անցկացրին Ազգային ժողովի առջև՝ «Բռնություններով բյուջե չեն լցնում» կոչերով:

«Համերաշխություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ներսիսյանն ասաց, որ 3,000 առևտրականների ստորագրություններով նամակ են հանձնել խորհրդարանի չորս խմբակցություններին, ներկայացրել իրենց պահանջները, պահանջել են նաև հանձնախումբ ստեղծել և ստուգել վարչապետ Կարեն Կարապետյանի և Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի ունեցվածքը:

Ներսիսյանի խոսքով, իրենց միացել են ոչ միայն «Առինջ Մոլում», այլ նաև այլ տոնավաճառներում առևտրով զբաղվողներ:

«Խնդրում ենք՝ բացեք ՊԵԿ նախագահի և վարչապետի հայտարարագրերը՝ իրենց աշխատողների հետ միասին: Որտեղի՞ց իրենց այդ ունեցվածքը, ինչպե՞ս են ձեռք բերել: Եթե կպատճառաբանեն, որ հաջողակ բիզնեսմեն են, ուրեմն թող գաղտնիքն ասեն՝ մենք էլ հարստանանք», - ասաց Արմեն Ներսիսյանը: - «Դե որ իրենք ընկել են մեր հետևից, մեզ հետ խոսում են կոշտ, կոպիտ, վատ բառերով, ուրեմն մենք էլ այդ ձևով իրենց հետ կսկսենք խոսել»:

Ներսիսյանի ձևակերպմամբ, իրավիճակի գլխավոր մեղավորը Կարեն Կարապետյանն է: Ասացին՝ պահանջում են Կառավարության և ՊԵԿ նախագահի հրաժարականը: Նախագահ Սերժ Սարգսյանին պահանջներ չեն ներկայացնում:

Բողոքող ձեռնարկատերերը ցանկանում են հարկ վճարել ապրանքը ներմուծելիս՝ այդպիսով ազատվելով, իրենց ձևակերպմամբ՝ բյուրոկրատական քաշքշուկներից: Առևտրականների խոսքով, Պետեկամուտների կոմիտեի պահանջով իրենք ստիպված են ոչ միայն փաստաթղթավորել ապրանքը, այլև չվաճառված ապրանքը խանութից պահեստ կամ պահեստից խանութ տեղափոխելը կազմակերպել օնլայն եղանակով, դրա համար որոշակի փաստաթղթեր լրացնելով: Հակառակ դեպքում՝ կտուգանվեն:

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մի քանի օր առաջ հակադարձել էր բողոքող ձեռներեցներին՝ «չի կարելի միտինգ անելով հարկերից խուսափել»։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պնդմամբ՝ «անօրինական դաշտում ավելի շատ ոչ թե մեծածախ, այլ մանրածախ առևտրով զբաղվողներն են գործում»:

«Առինջ Մոլ» և «Երևան» տոնավաճառներում առևտուր անող Կարինե Նարինյանի խոսքով՝ ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի հարկային տեսուչները գալիս են ստուգումների և խոչընդոտում իրենց աշխատանքը:

«Գալիս են՝ ասում՝ կասսա խփի, ինչո՞ւ ես քիչ խփում: Ախր՝ արի կողքս կանգնի, տես առևտուր կա՞, որ ես շատ խփեմ», ֊ դժգոհեց Նարինյանը:

«Առինջ Մոլում» տաղավար ունեցող Ռաֆայել Գրիգորյանն ասում էր՝ հարկային տեսուչները նաև գնորդներին են անհանգստացնում․֊ «Պահանջում են, որ՝ քիչ եք խփում, քիչ եք մուծում»:

Ազգային ժողովի նիստերի դահլիճում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները հայտարարեցին՝ ՊԵԿ-ն իրավունք չունի օրենքին հակասող խուզարկություն ու վարչարարություն իրականացնել:

«Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանն ասաց՝ մենք տեղը ցույց ենք տալիս՝ առաջինը ստուգեք գազամատակարարման ոլորտը։ Վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը տարբեր տարիներին ղեկավարել են Հայաստանում գազի մատակարարման մենաշնորհ ունեցող «Գազպրոմը»։

«Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը շարունակեց․ ֊ «Կառավարությունը, որ տապալել է իր ողջ գործունեությունը պիտի ճիշտ տեղը իմանա՝ որտեղ պետք է գնա: Գազի հիման վրա ստեղծված իրենց դղյակները Մոնումենտում՝ այնտեղ գնացեք և այնտեղ տեսեք օրինախախտումներ, չարաշահումներ, և ոչ թե փորձեք իրենց մի կտոր հացով իրենց ընտանիքը պահող փոքր ձեռներեցների պայուսակները մտնել»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն ուզում էին ձեռնարկատերերի մտահոգությունները դարձնել ԱԺ-ի նիստերի օրակարգի հարց: Դաշինքից Արարատ Զուրաբյանը, մասնավորապես, հայտարարեց․ ֊ «Առաջարկում եմ արտահերթ նիստ հիմա անցկացնել և հարցը ներառել օրակարգում: Երբ որ մի քանի հազար մարդու հուզող խնդիր կա, այդ խնդիրներից Ազգային ժողովը խուսափելու իրավունք չունի»:

«Եթե ուզում եք Ազգային ժողովի արտահերթ նիստ անենք, 50,000 ստորագրությունը բերեք՝ пожалуйста, մեռնեմ օրենքին», ֊ հակադարձեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Կառավարության աշխատանքին վերաբերող ելույթներից հետո Շարմազանովը «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին նաև որոշեց հիշեցնել․ ֊ «Վաղը հարցուպատասխան կա, կարող եք դիմել Կառավարությանը: Վաղը վարչապետը այստեղ է լինելու»:

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել ցանկացած խնդիր, եթե դա իսկապես խնդիր է: ֊ «Բայց ուռճացված, շոու դարձրած որևէ խնդիր, կարծում եմ՝ անլուրջ կլինի քննարկել», ֊ հավելեց նա:

Խորհրդարանի մոտ հավաքված առևտրականներին այսօր հանդիպեցին միայն ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի և «Ելք» խմբակցության ներկայացուցիչները: Միքայել Մելքումյանը փոխանցեց իրենց խմբակցության որոշումը․ ֊ «Ես պատասխանատու հայտարարում եմ՝ գազամատակարարման ոլորտում կորուստները կազմում են 7-8 տոկոս: Այդ 7-8 տոկոսի պատասխանն ո՞վ է տալու՝ դա մեկ: Եվ երկրորդ՝ կալորիականությունը: Այսինքն՝ մենք նշել ենք, թե որտեղ գնացեք: Թող գնան հանքարդյունաբերության ոլորտը նայեն, բնական մենաշնորհների ոլորտը նայեն, ոչ թե գան առավոտից իրիկուն, ցրտի, արևի տակ աշխատող մարդկանց աշխատատեղերը փորձեն փակեն: Եվ, ամենակարևորը, մենք հայտարարեցինք՝ «Ծառուկյան» դաշինքի որոշումն է՝ գազամատակարարման ոլորտի քննիչ հանձնաժողով ենք ստեղծելու, թող գնան՝ նայեն թե իսկական թալանը որտեղ է կատարվելու»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեռ առավոտյան էր հայտարարել էր՝ կողմ են գազի, բենզինի և այլ ոլորտներում ուսումնասիրություններին, հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության դեպքում՝ կմիանան դրան: