«Հացադուլը կդադարեցնենք, երբ խորհրդարանը կասեցնի օրենքի նախագիծը». Դավիթ Պետրոսյան

«Ազատության» լրագրող Կարլեն Ասլանյանը փակ դռան այս կողմից զրուցում է հացադուլ հայտարարած Դավիթ Պետրոսյանի հետ, 14-ը նոյեմբերի, 2017թ.

Այսօր առավոտից «Հանուն գիտության զարգացման» հացադուլ սկսած հինգ անդամները հայտարարում են՝ հացադուլը կդադարեցնեն, երբ խորհրդարանը կասեցնի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը։

Նշենք, որ Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում հարցն ընդգրկված է՝ երկրորդ ընթերցմամբ։

«Մեր հիմնական հայտարարությունը կայանում է նրանում, որ ուսանողական այս պայքարից հետո Ազգային ժողովը չցանկացավ, որպեսզի ուսանողները ներկա լինեն քննարկումներին, իրենց ձայնը բարձրացնեն, և այժմ այդ օրենքը մտել է քննարկման՝ առանց որևէ մի փոփոխության, սա՝ մեկ, երկրորդը՝ մենք փորձում ենք սրանով ցույց տալ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր ձայնով, իր խոսքով կարող է ազդեցություն ունենալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը՝ շարունակելով. - «Այն հասարակական անտարբերությունը, որ տարածվել է մեր շրջանում, դա ուղղակի շատ ցավալի է, և մենք որոշեցինք այս ճանապարհով ուղղակի մեր լուման ունենալ, որպեսզի այդ հասարակական անտարբերության պատը որոշակի առումով կոտրվի, բացի դրանից, այդ անվստահության բարձր մակարդակը՝ քաղաքացին քաղաքացու նկատմամբ, դրա համար մենք այս քայլին գնացինք հիմնականում ծառայած տղաներով՝ 4-ը ծառայած են 5 հոգուց, սրանով ուզում ենք ապացուցել շարժման ազնվությունը, որ սա պայքար է արդարության համար»։

Դավիթ Պետրոսյանը կոչ արեց ուսանողներին չկենտրոնանալ իրենց [հացադուլավորների] վրա՝ նշելով, որ գլխավոր կենտրոնացումը պետք է լինի դասադուլը շարունակող ուսանողների շուրջ։

Նշենք, որ Պետրոսյանը «Ազատության» հարցերին պատասխանում էր այն լսարանի դռան հետևից, որտեղ հացադուլ են իրականացնում։ Նա նշեց, որ որոշել են առհասարակ դուռը չբացել նույնիսկ այն ուսանողների առջև, ովքեր ցանկություն կհայտնեն միանալ հացադուլին։