«Հանուն գիտության զարգացման»-ի անդամներից հինգն անժամկետ հացադուլ հայտարարեցին

Դավիթ Պետրոսյանն ու Վահան Կոստանյանը՝ բողոքի ցույցերից մեկի ժամանակ, 7-ը նոյեմբերի, 2017թ.

«Հացադուլը կդադարեցնեք, երբ խորհրդարանը կասեցնի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, ասաց Դավիթ Պետրոսյանը։

Դասադուլի 6-րդ օրը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգն այսօր Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մասնաշենքի լսարաններից մեկում անժամկետ հացադուլ են սկսել։

Հացադուլավորների շարքում է նաև նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը։

«Նրանք սա արել են ուսանողական անտարբերությունն ու հանրային անտարբերությունը կոտրելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց համակարգող խմբի անդամներից Վահան Կոստանյանը։

«Ազատության»-ը հաջողվեց փակ դռան հետևից զրուցել հացադուլավորներից Դավիթ Պետրոսյանի հետ։ Վերջինս հայտարարեց՝ հացադուլը կդադարեցնեն, երբ խորհրդարանը կասեցնի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։

Նշենք, որ Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում հարցն ընդգրկված է՝ երկրորդ ընթերցմամբ։

«Մեր հիմնական հայտարարությունը կայանում է նրանում, որ ուսանողական այս պայքարից հետո Ազգային ժողովը չցանկացավ, որպեսզի ուսանողները ներկա լինեն քննարկումներին, իրենց ձայնը բարձրացնեն, և այժմ այդ օրենքը մտել է քննարկման՝ առանց որևէ մի փոփոխության, սա՝ մեկ, երկրորդը՝ մենք փորձում ենք սրանով ցույց տալ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր ձայնով, իր խոսքով կարող է ազդեցություն ունենալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը՝ շարունակելով. - «Այն հասարակական անտարբերությունը, որ տարածվել է մեր շրջանում, դա ուղղակի շատ ցավալի է, և մենք որոշեցինք այս ճանապարհով ուղղակի մեր լուման ունենալ, որպեսզի այդ հասարակական անտարբերության պատը որոշակի առումով կոտրվի, բացի դրանից, այդ անվստահության բարձր մակարդակը՝ քաղաքացին քաղաքացու նկատմամբ, դրա համար մենք այս քայլին գնացինք հիմնականում ծառայած տղաներով՝ 4-ը ծառայած են 5 հոգուց, սրանով ուզում ենք ապացուցել շարժման ազնվությունը, որ սա պայքար է արդարության համար»։

Դավիթ Պետրոսյանը կոչ արեց ուսանողներին չկենտրոնանալ իրենց [հացադուլավորների] վրա՝ նշելով, որ գլխավոր կենտրոնացումը պետք է լինի դասադուլը շարունակող ուսանողների շուրջ։

Նշենք, որ ի զորակցություն հացադուլավորների, ցուցարարները Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ նստացույց են սկսել։

Նշենք, որ գրեթե մեկ շաբաթ է ուսանողները դասադուլ են անցկացնում՝ բողոքելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Նրանք պնդում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։

Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: