Զինծառայության մասին օրինագիծը նպաստելու է արտագաղթին և կոռուպցիային. Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, ուսանողների՝ տարկետման հնարավորությունը պահպանելու պահանջն արդարացված է։

Կուսակցության առաջնորդի խոսքով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»՝ օրենքի նախագիծը որևիցե կերպ կապ չունի բանակի բարեփոխումների հետ։ «Սա նաև չի կարող նպաստել բանակի համալրմանը, դեռ ավելին՝ սա նպաստելու է և՛ արտագաղթին, և՛ ընդհանուր առմամբ նաև կոռուպցիային», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, ուսանողները պետք է շարունակեն պայքարը։ «Պայքարը ենթադրում է նաև հաջողություններ, այնպես չէ, որ իրենք մեծամասնություն են [Հանրապետական կուսակցություն] և կարող են մեծամասնությամբ թելադրել։ Եթե կա սկզբունքայնություն, ապա այդ սկզբունքայնություն ունենալու է նաև հաղթանակ», - ասաց Փոստանջյանը։

Հիշեցնենք՝ արդեն մոտ մեկ շաբաթ դասադուլ անող ուսանողները պահանջում են չեղարկել տարկետման իրավունքի սահմանափակման մասին օրինագիծը, որն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է։ Ըստ դասադուլավորների, օրենքը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։

Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Փոստանջյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.