Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ, ուսանողների սկսած պայքարը չի հասնելու իր հանգրվանին՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում քվեարկվելու և ընդունվելու է։
Մարուքյանի կարծիքով՝ քանի դեռ ուսանողները չեն ուզում հարցի լուծումը քաղաքական համակարգի մեջ տեսնել, այդ հարցը չի լուծվելու։
«Ցանկացած հարց Հայաստանում՝ գազի գնից սկսած, մինչև տեսանկարահանող սարքերով մարդկանց վարչական տուգանքների ենթարկելը, ծառահատումներն անտառներում, Հայաստանում չկա հարց, որը քաղաքական չէ։ Բոլոր հարցերը քաղաքական են։ Հայաստանի բոլոր պրոբլեմները, քաղաքացին, որ առավոտն արթնանում է, ինչ պրոբլեմ որ ունի՝ էդ բոլորը քաղաքական է։ Ինչո՞ւ եմ սա ասում՝ որովհետև դրա լուծումը քաղաքական համակարգի մեջ է, քաղաքական համակարգի հիվանդ լինելու մեջ է դրա լուծումը։ Հիմա ուսանողները էդ մասով, բնականաբար, սխալ են, որովհետև ասել, որ «սա քաղաքական հարց չի, թողեք մենք սենց ապաքաղաքական ակցիա անենք», խնդիր չկա, բայց պետք է հասկանալ մի բան՝ չկա ոչ-քաղաքական հարց, և քանի դեռ հարցն ասվում է, որ քաղաքական չէ, այդ հարցը չի լուծվելու, քանի դեռ էդ հարցին չի տրվում քաղաքական խողովակներով լուծումներ, էդ հարցը չի լուծվելու», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հետ զրույցում ասաց Մարուքյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունը չի զիջելու. - «Ինչպես տեսնում ենք, իրենք հետևողական կերպով հարցը տանում են առաջ, խորհրդարանում էլ քվեարկվելու և ընդունվելու է, ու այս պայքարը չի հասնելու իր հանգրվանին, իշխանությունը չի զիջելու, ինչո՞ւ՝ որովհետև չի քաղաքականացվում դա, որովհետև ասում են՝ «մի քաղաքականացրեք, թողեք մենք առանձին պայքարենք սրա դեմ»։ Մենք էլ որևէ մեկի կամքին հակառակ չենք կարող որևէ բան անել, մենք մեր տեղն ենք անում, մենք ի՞նչ գործ ունենք, մենք ունենք ժողովրդից ստացած մանդատ՝ էդ մանդատի շրջանակներում, խորհրդարանի մակարդակներում մենք իրականացնում ենք մեր առաքելությունը՝ ցույց ենք տալիս օրենքի բացերը, ասում ենք, որ սա միլիտարիզացիայի տանող ճանապարհ է, որ սա չի լուծում ծառացած խնդիրները և սա հիմա ավելի վատ հետևաքներ է ունենալու, քան ձեր մատնանշած խնդիրները, հետևաբար՝ մենք դեմ ենք, մենք մեր դերն էդ մակարդակում ենք անում»։
Հիշեցնենք, գրեթե մեկ շաբաթ է ուսանողները դասադուլ են անցկացնում՝ բողոքելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Նրանք պնդում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։
Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:
Մարուքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.