Այսօր Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպում են Անկարայում, 28-ի սեպտեմբերի, 2017թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր այցելում է Ռուսաստան: Սևծովյան Սոչի քաղաքում նա հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս տարվա ընթացքում սա կլինի Պուտինի և Էրդողանի արդեն հինգերորդ հանդիպումը:

Երկու երկրների նախագահները համաձայնել էին Սոչիում հանդիպել հոկտեմբերի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Այդ զրույցի ժամանակ նրանք քննարկել էին երկկողմ հարաբերությունները, ներառյալ էներգետիկ ծրագրերը, ինչպես նաև Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորման հնարավորությունները:

Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի բանակցությունների առանցքային թեմաներից են անվտանգության գոտիների ստեղծումը և քրդական հարցը:

Պաշտոնական Անկարան այդ հարցում շատ զգայուն վերաբերմունք է ցուցաբերում: Մասնավորապես, Ռուսաստանը համաձայնեց հետաձգել նոյեմբերի 18-ին պլանավորած Սիրիայի հարցով համաժողովը, քանի որ Թուրքիան դեմ է Սիրիայի քրդերի պատվիրակության մասնակցությանը:

Իսկ երկկողմ հարաբերություններում ռազմական և տնտեսական ամենախոշոր ծրագրերից է ռուսական C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքը: Անկարան այդ հարցը լուծված է համարում: Էրդողանն ավելի վաղ արդեն ասել էր, որ C-400-ների համար Թուրքիան արդեն 2 միլիարդ 500 միլիոն դոլարի կանխավճար է տվել:

Անկարայի և Մոսկվայի նշանակալի ծրագրերից մեկը Թուրքիայում ատոմակայանի կառուցումն է: Ակնկալվում է, որ Ռուսաստանը 22 միլիարդ դոլարի ներդրում է կատարելու ատոմակայանը կառուցելու համար:

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը նախօրեին ասել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների Սոչիում կայանալիք բանակցություններում Էրդողանը առաջարկելու է ամբողջովին վերացնել երկու երկրների միջև դեռ առկա առևտրային որոշ սահմանափակումները և վերականգնել առանց վիզաների այցելությունների ռեժիմը:

Պուտին-Էրդողան հանդիպման նախաշեմին՝ անցած ուրբաթ օրը, վերականգնվել է թուրքական լոլիկների արտահանումը Ռուսաստան: Նախատեսվում է այս տարվա ընթացքում 5 հազար տոննա լոլիկ առաքել Ռուսաստան, համապատասխան պայմանագրերը երկու կողմերի միջև արդեն ստորագրված են: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի խոսնակը նշել է, որ երկկողմ հարաբերություններից բացի՝ Սոչիում նախատեսվում է անդրադառնալ նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել էր, թե Պուտին-Էրդողան բանակցություններում ժամանակի մեծ մասը հավանաբար կտրամադրվի Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցի քննարկմանը:

2015 թվականի նոյեմբերից, երբ թուրքական օդուժը Սիրիայի սահմանին ռուսական ռազմական օդանավ խոցեց, երկու երկրների հարաբերությունները խիստ վատթարացել էին, Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ: Բայց Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները արագորեն վերականգնվեցին և ջերմացան: