«Ովքեր բոյկոտում են դասերը, արդեն բողոքի ակցիային իրենց ձևով մասնակցում են». ուսանողների դասադուլը շարունակվում է

Շարունակվում է տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների անցած շաբաթվանից մեկնարկած դասադուլը։

Դասադուլավորները կրկին շրջում են Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներով՝ հասկանալու համար՝ դասեր ընթանո՞ւմ են, թե՞՝ ոչ, ներկա ուսանողներին կոչ անելով միանալ իրենց։

Սոցիոլոգիայի, կիրառական մաթեմատիկայի և կենսաբանության ֆակուլտետներով շրջայցերը ցույց տվեցին, որ լսարանները դատարկ են, դասեր չեն ընթանում։ «Մարդիկ, որ բոյկոտում են դասերը, խոսում է նրա մասին, որ բողոքի ակցիային իրենք իրենց ձևով մասնակցություն ունենում են», - «Ազատություն» հետ զրույցում ասաց ցույցերը համակարգող խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը։

Իշխանությունների այն պնդումներին ի պատասխան, թե տասնյակ հազարավոր ուսանողներից մի քանի հարյուրն են մասնակցում բողոքի ակցիային, հետևաբար՝ մեծամասնությունը կողմ է այս նախագծին, այսօր բողոքի ակցիայի մասնակիցները ֆակուլտետ առ ֆակուլտետ անցնելով նաև կոչ են անում մեծամասնությանը՝ դուրս գալ և իրենց դիրքորոշումը ներկայացնել։ Այս կոչին դեռևս արձագանք չկա։

Նշենք, որ դասադուլավորները մտավախություն են հայտնում, թե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։ Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ցուցարարների հետ հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, սակայն դասադուլավորները հայտարարել են, որ դժգոհ են հանդիպումների արդյունքներից, և նշել, որ պայքարը շարունակելու են։

Մանրամասները՝ քիչ անց