Բարսելոնայի կենտրոնում մեծամասշտաբ բողոքի ակցիա է անցկացվել: Նոյեմբերի 11-ին շուրջ 750,000 մարդ փողոց է դուրս եկել՝ Իսպանիայի իշխանություններից պահանջելով ազատ արձակել կալանավորված անջատական առաջնորդներին:
Ցուցարարները կատալոնական դրոշներ են կրել և վանկարկել են՝ «ազատություն քաղբանտարկյալներին»:
Կատալոնիայի խորհրդարանը, հիշեցնենք, հոկտեմբերի 27-ին ընդունեց անկախության հռչակագիր՝ հիմնվելով հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքների վրա, որի մասնակիցների շուրջ 90 տոկոսը ձայն է տվել անկախության օգտին: Ի պատասխան՝ Իսպանիայի իշխանություններն ընդունեցին Կատալոնիան ուղիղ կառավարման տակ դնելու որոշում՝ պաշտոնանկ անելով ու ձերբակալելով անջատական առաջնորդներին: Կատալոնիայի նախկին կառավարության ութ նախարարներ այժմ իսպանական բանտում են՝ ապստամբության ու պետական միջոցները փոշիացնելու մեղադրանքներով: Չի բացառվում, որ առաջիկա օրերին նրանց կողքին հայտնվեն նաև երկրամասի պաշտոնանկ արված առաջնորդ Կառլես Պուջդեմոնն ու կառավարության չորս այլ անդամներ, որոնք հիմա գտնվում են Բրյուսելում: Մադրիդի դատարանը վերջիններիս ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, և արտահանձնման հարցով դիմել Բելգիայի իշխանություններին. ակնկալվում է, որ Բրյուսելի դատարանն այս հարցը կքննի նոյեմբերի 17-ին: