Մակրոնի տարածաշրջանային այցից հետո Իրանը հայտարարել է, որ միջուկային գործարքը քննարկման ենթակա չէ

Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ 2015 թվականին Թեհրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքը քննարկման ենթակա չէ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Աբու Դաբիում հայտարարել էր, թե անհրաժեշտ է «կոշտ դիրքորոշում» ցուցաբերել Իրանի հրթիռային ծրագրի նկատմամբ, միևնույն ժամանակ շեշտելով, թե միջուկային գործարքը այլընտրանք չունի:

«Մենք Ֆրանսիայի առաջնորդներին մի շարք առիթներով տեղյակ ենք պահել, որ Իրանի միջուկային գործարքը քննարկման ենթակա չէ և որ համաձայնագրի տեքստում որևէ այլ խնդիր ներառված չէ», - նախօրեին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին:

Պարսից ծոց կատարած այցի ժամանակ Մակրոնը Իրանին մեղադրել էր Եմենի ապստամբների կողմից Սաուդյան Արաբիայի դեմ բալիստիկ հրթիռի արձակման համար: Նա նշել էր, թե դա ապացուցում է, որ անհրաժեշտ է Թեհրանի հետ բանակցություններ վարել բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրի շուրջ: