Աշնանային այս վերջին երկու օրերին Երևանում տեղի ունեցող մի շարք ուշագրավ մշակութային իրադարձությունները միմյանց հաջորդելով՝ մի շատ հետաքրքիր մշակութային խճանկար են պատկերել: Նախ՝ մոտ երկու տասամյակ ընդմիջումից հետո Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրկին ներկայացվեց Դոնիցետտիի հանրահայտ «Պողիկտոս» օպերան:
Վերականգնվել է հենց Տիգրան Լևոնյանի բեմադրությունը, որին մասնակցում էին Հայաստաի լավագույն մենակատարները: Նրանք իսկապես հիացրին հանդիսատեսին, հատկապես Անահիտ Մխիթարյանը՝ գլխավոր դերերգչուհին, որը Պաոլայի դերերգով հանդես է եկել դեռ Տիգրան Լևոնյանի ժամանակ: Այսօր էլ նրա հրաշալի ձայնը հանդիսատեսին նույնքան գերեց, որքան 20 տարի առաջ:
Դե իսկ ճապոնական երաժշտության սիրահարներն էլ այս օրերին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում երկու օր շարունակ՝ նոյեմբերի 9-ին և 10-ին հնարավորություն ունեին ներկա գտնվել Ճապոնական ազգային երաժշտության երեկոների, որոնք կազմակերպվել էին՝ ի նշանավորումն ՀՀ-ի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Այս համերգների ընթացքում ճապոնացի երաժիշտների հետ միասին հանդես եկավ նաև Հայկ Կարապետյանը՝ հայկական ազգային փողային նվագարաններով:
Արդեն հաղորդվել է, որ այս շաբաթ մեկնարկել է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, որն արդեն իսկ հասցրել է մեր հանդիսատեսի կողմից սիրված ու սպասված իրադարձություն դառնալ: Այս տարի փառատոնին 957 հայտ է ներկայացվել 57 երկրից, բայց մասնակցելու հնարավորություն է տրվել հայտերից 187-ին: Մոտ երկու տասնյակ երկրներից ժամանել են հյուրեր՝ ամենատարբեր ոլորտների կինոգործիչներ, և հենց այդ է պատճառը, որ բացի ֆիլմերի ցուցադրությունից, փառատոնի շրջանակներում տեղի ունեցան նաև ստեղծագործական երեկոներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ:
Ուշագրավ է, որ փառատոնի յուրաքանչյուր անվանակարգի ժյուրին բաղկացած է մարզաբնակ երեխաներից: Իսկ թե նրանք ինչ որոշում են կայացրել և ովքեր են մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի հաղթողներն ու մրցանակակիրները, կհրապարակվի այս երեկո՝ «Մոսկվա» կինթատրոնում, որտեղ էլ հենց այս պահին տեղի է ունենում փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Երեկ Գրողների միությունում տեղի ունեցած ցերեկույթը նվիրված էր արձակագիր, հրապարակախոս , մոտ մեկ տասնյակ գրքերի հեղինակ Դավիթ Սարգսյանի ծննդյան 60-ամյա հոբելյանին: Իսկ այսօր էլ՝ Կամերային պետական թատրոնում ծնունդով Տավուշից, ռուսաստանաբնակ Նարինե Աբգարյանի գրքերի հայերեն թարգմանության շնորհանդեսն էր, որը կազմակերպել էր «Բուկինիստ» գրավաճառ ցանցը:
Հայաստանի ազգային պատկերասրահում էլ այսօր բացվեց Արա Շիրազի հետմահու անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 90 աշխատանք: Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ուղին՝ սկսած վաղ շրջանից մինչև կյանքի վերջը:
Ամփոփելով, նշենք, որ շաբաթն ավարտվում է իրոք հրաշալի մի համերգով, որը մեր երաժշտասերներին է մատուցել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը: Հենց այս պահին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է գալիս 8 անգամ «Գրեմմի» մրցանակի արժանացած աշխարհահռչակ Էմերսոն լարային քառյակը: Այս համերգը ոչ միայն անցնող օրերի, այլև անցնող տարվա թերևս լավագույն մշակութային իրադարձություններից մեկն է:
Դե իսկ առջևում՝ Գրքի երևանյան փառատոնն է, որը անցկացվելու է նոյեմբերի 24-26-ը: Մի քանի փուլից բաղկացած փառատոնի կազմակերպիչն է «Միհր» ստեղծագործական միությունը:
Your browser doesn’t support HTML5