Նորքի գործով դատական նիստը թեժ էր

Նորքի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստում, երբ մեղադրող դատախազը ներկայացրեց զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանին վերաբերող նյութերը, Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց՝ ճիշտ չէ, որ իրար հակասող ցուցմունքներ տված մեղադրյալներ Անտոն Թոթոնջյանին ու Արթուր Վարդանյանին նույն փաստաբանն է պաշտպանում:

Ալումյանն ասաց՝ ամբաստանյալների նկատմամբ կատարված բոլոր գործողություններն ապօրինի են այն պահից սկսած, երբ Վարդանյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Ասաց, եթե առերեսման կարիք լիներ, նա ո՞ւմ պետք է պաշտպաներ:

Լևոն Բաղդասարյանն էլ հավելեց՝ երբ օրենքով սահմանված կարգով ինքը ստանձնել է երկու ամբաստանյալների պաշտպանությունը, ցուցմունքներում հակասություններ չեն եղել: Այս երկխոսությունից հետո, մեղադրող դատախազը ներկայացրեց քննչական փորձարարության մանրամասները, ըստ որի՝ մեղադրյալ Հարություն Սարիբեկյանի Արևշատ գյուղում գտնվող տնից թեև տեսանելի չի եղել ինքնաթիռի թռիչքուղին, բայց օդում ինքնաթիռն արդեն տեսանելի է եղել: Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած զինված խումբը նաև ծրագրել էր թռիչքի պահին խոցել երկրի նախագահի օդանավը:

Հարություն Սարիբեկյանը դատախազին ասաց՝ եթե դուք դրանից բան չեք հասկանում, նորից քննչական փորձարարություն արեք: Փաստաբան Ալումյանն էլ հավելեց՝ ներկայացվածը քննչական փորձարարություն չէր:

Մեղադրող դատախազը շարունակեց ներկայացնել ապացույցներն ու հրապարակեց լուսանկար, որտեղ Արթուր Վարդանյանն էր պատկերված: Ասաց՝ լուսանկարում Վարդանյանը գտնվում է «ինչ որ անձնավորության»՝ «շռամ» Վալերիկի գերեզմանի մոտ: Արթուր Վարդանյանը հոխորտաց՝ «Ինչ որը դուք եք, եթե հայրանունը Վալերիկի է, ուրեմն ես հորս գերեզմանի մոտ եմ, իմ հայրը ինչ-որ անձնավորություն չէ»: Այս վիճաբանությունից հետո դատավորը սանկցիա կիրառեց Վարդանյանի նկատմամբ ու հեռացրեց նրան դահլիճից:

Ի դեպ, մարդու իրավունքների Եվրոպական դատարանը երեկ որոշում է կայացրել Վահան Շիրխանյանի գործով՝ պարտավորեցնելով պետությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նրա առողջական վիճակը ճիշտ գնահատելու և անհրաժեշտ բուժումն ապահովելու համար։

Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք, սա կարո՞ղ է նպաստել նրան, որ Շիրխանյանի խափանման միջոցը փոխվի: Ասաց՝ առողջական վիճակի գնահատման գործընթացում նաև Շիրխանյանի կողմից հրավիրված բժիշկները կմասնակցեն, իսկ խափանման միջոցն ըստ փաստաբանի՝ դեռ վաղուց պետք է փոխված լիներ:

Նիստը հետաձգվեց՝ Շիրխանյանի փաստաբանն ասաց՝ վստահորդն ի վիճակի չէ այլևս նստած մնալ դահլիճում:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել երկրի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Աժ-ի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել 33 հոգու: