Աշոտ Ղուլյան․ Զիջումներ անել-չանելու մասին հարցերի պատասխանն ունի միայն Արցախի ժողովուրդը

«Ղարաբաղի հարցում զիջումներ անել-չանելու մասին հարցերի պատասխանն ունի միայն մեկ սուբյեկտ` Արցախի Հանրապետության ժողովուրդը», - հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ղուլյանի գլխավորում է ԼՂ խորհրդարանական պատվիրակությունը ՀՀ - ԼՂ միջխորհդրարանական հանձնաժողովի հերթական նիստում:

Լրագրողների հարցերին, թե ինչպես կմեկնաբանի նախագահ Սերժ Սարգսյանի «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում դասախոսության ժամանակ հնչեցրած միտքը, որ «Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու», Ղուլյանն արձագանքեց, թե նախագահ Սերժ Սարգսյանին մեկնաբանելը կոռեկտ չի համարում, և կարծում է, որ վաղ է փոխզիջումների մասին խոսելը․ - «Ես վստահ եմ, որ մենք այսօր, հատկապես 2016 թվականի ապրիլից հետո, շատ ավելի ճիշտ ենք պատկերացնում մեր անվտանգության համակարգի բոլոր բաղադրիչները: Եվ այն, որ այդ համակարգի մեջ մտնում են և՛ տարածքները, և՛ մեր տնտեսական կենսունակությունը, իմ խորին համոզմամբ, մենք այսօր այդ պաշարը չենք կարող որևէ բանով թուլացնել, որպեսզի ինչ-որ չխոստացված բաների դիմաց մենք պատրաստ լինենք ինչ-որ բաներ տալ: Ես կարծում եմ, որ մենք ժամանակից շուտ չպիտի այսպիսի խոսակցություններ [վարենք], որովհետև միայն ու միայն սա մեր ներքին հասարակական անվտանգությունն է խարխլում, որովհետև մենք սկսում ենք փնտրել՝ ո՞վ ա ասել, որ կարելի ա զիջել, ո՞վ ա ասել, որ չի կարելի զիջել․․․ Կարծես թե էդ զիջել-չզիջելը ինչ-որ կոնկրետ բաներից, կոնկրետ ասվածից է կախված: Ես վստահ եմ, որ այդ հարցերի պատասխանը ունի միայն մեկ սուբյեկտ՝ դա Արցախի ժողովուրդն է, որին Սահմանադրությամբ տրված է այդպիսի լիազորություն»:

Հարցին, թե 2018 թվականի ապրիլից հետո, երբ ավարտվեն նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, ով է ներկայացնելու Հայաստանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում, և արդյո՞ք Ղարաբաղում պատկերացնում են բանակցությունների սեղանի շուրջ այլ մարդու, Ղուլյանն արձագանքեց․ - «Այս պահին, չեմ կարծում, որ մենք բոլոր հարցերի պատասխաններն ունենք: Կարծում եմ, որ ժամանակը կգա, և այդ հարցերը կնախապատրաստվեն ու կներկայացվեն հանրությանը: Վստահ եմ, որ մենք, ի դեմս գործող նախագահի, ունենք շատ լավ նաև պատրաստվածություն Ղարաբաղի բանակցային գործընթացում: Բայց վստահ եմ, որ մենք նաև ունենք պատրաստվածություն այլ առումով, որովհետև դա մի պրոցես է, որին և՛ արտաքին քաղաքաական հարցերով, և՛ անվտանգության հարցերով այսօր շատ ավելի մեծ շրջանակ է ներգրավված»:

Ինչ վերաբերում է այս տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ առայժմ միակ հանդիպմանը Ժնևում՝ Ղուլյանը չի կարծում, որ այդ բանակցությունների ընթացքում Հայաստանը թուլացրել է դիրեքերը և մեղմացրել ապրիլյան պատերազմից հետո կոշտացրած դիրքորոշումը․ - «Եթե մենք մեկ տարի և ավելի բանակցություններ չունենք և նույնիսկ չունենք դրա նախապատրաստություն, դա նշանակում է, որ մենք ցանկացած առիթ պարզապես պետք է օգտագործենք բանակցային գործընթացը գոնե վերսկսելու համար: Իմ կարծիքով, հենց դա է տեղի ունեցել Ժնևի այդ խորհրդատվությունների ընթացքում: Իսկ թե ինչ է լինելու կոնկրետ հետո, ես կարծում եմ, որ դա դեռևս այդ նույն բանակցային գործընթացը վերականգնելուն զուգահեռ պետք է ընթանա: Այն, որ 16 թվականի ապրիլից հետո մեր դիրքորոշումը կոշտացել է, միանշանակ է, և ես կարծում եմ, որ առայժմ որևէ հիմքեր չկան, որ այդ դիրքորոշումը մեղմանա»:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ նոր պատերազմ սանձազերծելու առումով Ադրբեջանի պահվածքը, ինչպես միշտ, անկանխատեսելի է, սակայն, անցած տարվա ապրիլյան պատերազմից Բաքուն հետևություններ արել է: Իսկ հայկական կողմնը այժմ առավել պատրաստ է արժանի հակահարված տալուն:

Թեև կողմերի դիրքորոշումները շարունակում են մնալ հակադիր, բանակցային գործընթացը, ըստ Ղուլյանի, պետք է շարունակել:

Ադրբեջանի դիրքորորշման փոփոխության մասին կարող է վկայել միայն մի բան՝ Ղարաբաղի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ․ - «Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, բացի Ադրբեջանից, որևէ մեկը չի հերքում: Եվ կախված նրանից՝ Ադրբեջանը կհամաձայնվի՞ Ղարաբաղի մասնակցությանը, կան միջավայրը կստեղծվի, որ Ղարաբաղը անմիջականորեն մասնակցի, մենք կարծում ենք, որ դա առաջին հերթին կվկայի նրա մասին, որ կա կոնկրետ ցանկություն հիմնախնդիրը լուծելու: Որովհետև այն բոլոր հարցերը, որ կա բանակցային սեղանին, որոնք կարող են ծագել բանակցությունների ընթացքում, դրա մեծ մասի պատասխանատուն, պատասխան տվողը Արցախի Հանրապետությունն է: Եվ քանի Ադրբեջանը չունի այդ ցանկությունը կամ ցույց չի տալիս, որ այդպիսի կամք ունի, նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է հեռու պահել իրական բանակցային գործընթացը։ Մեզ համար միանշանակ է, որ Արցախի Հանրապետության մասնակցությունը պետք է լինի բոլոր փուլերում»: