Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի և Պաշտպանության և Կրթության ու գիտության նախարարների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո «Ազատության» հետ զրույցում դասադուլը նախաձեռնած խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը ասաց, որ չի կարծում թե այս պաշտոնյաների հետ էլի կհանդիպեն․ - «Եթե իրենք ինչ-որ հայտարարությամբ հանդես գան, որտեղ իրենց դիրքորոշման մեջ ինչ-որ փոփոխություն եղած լինի, իհարկե կարող ենք հանդիպել: Բայց եթե տեսակետների փոփոխություն չի լինի, անիմաստ է, իմ կարծիքով, հանդիպումը»:
Դասադուլի չորրորդ օրը կրկին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմացից մեկնարկեց։ Այնուհետև ուսանողները շրջեցին ֆակուլտետների մասնաշենքերով, եղան Տնտեսագիտական, Բժշկական համալսարաններում՝ կոչ անելով ուսանողներին միանալ դասադուլին։
Երթի ավարտին ուսանողները պայմանավորվեցին երեկոյան հանդիպել խորհրդարանի շենքի մոտ։ Այսօր ժամը 18-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը:
Դավիթ Պետրոսյանը ասաց, որ հույս ունեն մի քանի ներկայացուցիչներով մասնակցել նիստին․ - «Մեր կարծիքով, մեր առաջարկը հիմնավորված է: Հանձնաժողովը ներկայացուցչական մարմին է, նրանք իրենց երևի պետք է ուրախ լինեն, որ ուսանողները նախաձեռնություն են հայտնում, որպեսզի մասնակցեն, իրենց գաղափարները նույնպես առաջ քաշեն: Քոչընդոտներ պետք է որ չառաջանան: Ազգային ժողով գնալու նպատակը հենց դա է»:
Նախաձեռնող խմբի անդամը ասաց, որ պաշտոնյաների հետ երեկ տեղի ունեցած հանդիպումից չեն հիասթափվել, եթե այսօր խորհրդարանի հանձնաժողովի նիստում էլ ոչինչ չկարողանան փոխել, միևնույն է, պայքարը շարունակելու են, որովհետև հավատում են, որ այս օրենքի նախագծի հետ կապված պաշտոնյաները իրենց կարծիքը կփոխեն․ - «Էֆեկտիվ աշխատանքի մեջ մենակ ցույցերը չեն մտնում: Մենք արդեն մտածում ենք մեր շրջանակները մի քիչ մեծացնելու մասին, որովհետև այս խնդիրը չի վերաբերում միայն ուսանողներին, այս խնդիրը վերաբերում է Հայաստանի կրթական, գիտական կյանքին, բոլոր մտահոգված մարդկանց․․․ դասախոսներն են ներգրավվել, շատ ծնողներ են հայտնում իրենց աջակցությունը»:
Երեկ դասադուլի մասնակիցների, Վարչապետի, Պաշտպանության նախարարի և Կրթության ու գիտության նախարարի հանդիպումը մոտ երկու ժամ տևեց։ Վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնող խմբի հինգ անդամներին ասաց, որ վիճակագրությամբ տարկետումից օգտվածների միայն 15 տոկոսն է շարունակում գիտությամբ զբաղվել, ինչը փաստում է, որ շատերը տարկետումը օգտագործում են բանակից խուսափելու համար։ Վարչապետը ասաց, որ կարող է տալ գիտնականների անուններ, որոնք ծառայել են, և իրենք գիտությանը դեմ քայլ չեն անում։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նույն տեսակետն էր պնդում և ասում, որ իրեն հակառակը չեն համոզի․ - «Հինգ հարյուր տեղ մոտավորապես տալիս ենք տարկետման մեր այն ուսանողներին, որոնք 18 տարեկանում որոշում են, որ ուզում են բանակ գնան որպես սպա, ոչ թե որպես շարքային: Եթե դուք ելնում եք նրանից, որ կա կատեգորիա, որը պետք է չծառայի, ես դրա հետ սկզբունքորեն համաձայն չեմ, և որևէ ցույց ու դասադուլ, գործադուլ և այլն ինձ հակառակի մեջ չի համոզի»:
Դասադուլի մասնակիցները հակափաստարկներ ներկայացրեցին, նաև Վարչապետին ասացին, որ թե՛ Պաշտպանության նախախարը, և թե՛ Կրթության և գիտության նախարարը հայտարարել էին, որ իրենց հետ քննարկելու բան չունեն և անհասկանալի է թե ինչու են նրանք Վարչապետի հետ մասնակցում հանդիպմանը։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սա դեմագոգիա որակեց:
Երեկվա հանդիպումը դասադուլի մասնակիցներին չբավարարեց։ Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վարչապետը առաջարկել էր մասնակիցներին սեփական առաջարկներ ներկայացնել, քանի որ օրենքով նախատեսվում է, որ տարկետում ստացողներին որոշում է կառավարությունը, բայց սա ցույցի մասնակիցներին չբավարարեց։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում վիճահարույց օրինագծի քննարկումը հետաձգվեց՝ քվորումի բացակայության պատճառով:
«Էդ հետաձգումը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Պետրոսյանը: - «Մենք արձանագրում ենք փաստ, որ մենք ժամանակ ունենք աշխատանքները խորացնելու համար․․․ Այդ ժամանակը փորձելու ենք օգտագործել հնարավորինս էֆեկտիվ: Մենք հենց վաղվանից սկսելու ենք աշխատել այն կազմակերպությունների հետ, որոնք նույնպես մտահոգված են այս խնդրով»:
Դասադուլի մասնակիցները խոստանում են շարունակել ցույցերը, հանգստյան օրերին կրթական հաստատությունները չեն աշխատում, ուստի դասադուլը կշարունակեն երկուշաբթի օրվանից։