Վոլոդինը հանձնարարել է «մշակել հայելային պատասխան Վաշինգտոնի կողմից RT-ի նկատմամբ ճնշումներին»

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը այսօր Դումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովին հանձնարարել է «մշակել հայելային պատասխան Վաշինգտոնի կողմից Russia Today-ի նկատմամբ ճնշումներին» և «պաշտպանել ռուսաստանյան տեղեկատվական տարածքը միջամտությունից և ճնշումներից»:

Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ կլինի օրենք, որը Ռուսաստանում աշխատող ամերիկյան լրատվամիջոցներին կհավասարեցնի օտարերկրյա գործակալներին:

Նախօրեին Russia Today-ի (RT) գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ ռուսաստանյան պետբյուջեի կողմից ֆինանսավորվող RT-ը ԱՄՆ-ում կգրանցվի որպես օտարերկրյա գործակալ, սակայն միևնույն ժամանակ այդ պահանջը կբողոքարկեն դատարանում:

Ռուսաստանի իշխանությունները, այդ թվում` նախագահ Վլադիմիր Պուտինը, բազմիցս հայտարարել են, որ «պատասխան քայլեր» կձեռնարկեն երկրում գործող ամերիկյան լրատվամիջոցների նկատմամբ, եթե RT-ը ստիպված լինի ԱՄՆ-ում գրանցվել որպես օտարերկրյա գործակալ:

Վաշինգտոնում հավաստիացնում են, որ օտարերկրյա գործակալների մասին ամերիկյան օրենքը էականորեն տարբերվում է ռուսականից և որևէ կերպ չի սահմանափակում տեղեկատվության ազատությունը: