Արդեն չորրորդ օրն է շարունակվում է տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների դասադուլը։
Ցուցարարները երթով կրկին շրջում են Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներով, ապա կշարժվեն դեպի Ազգային ժողովի շենք։
Նշենք, որ պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովում այսօր երեկոյան քննարկվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը` ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցումից առաջ:
Ցուցարարները պահանջում են նախագծի չեղարկում՝ պնդելով, որ այն կխոչընդոտի գիտության զարգացմանը։
Երեկ նրանք հանդիպեցին վարչապետ Կարեն Կարապետյանի, կրթության նախարար Լևոն Մկրտչյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ։ Հանդիպումից հետո նրանք հայտարարեցին, որ արդյունքներով բավարարված չեն և շարունակելու են բողոքի երթը։
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը: Համաձայն օրինագծի, մասնավորապես, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ։