ԵՊՀ ռեկտորատը հորդորում է դադարեցնել դասադուլը

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հորդորում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին դադարեցնել դասադուլի կոչերը, ձեռնպահ մնալ իրավիճակը սրող ու ապակայունացնող քայլերից, խնդրին քաղաքական երանգավորում չտալ և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին: Այս կոչը պարունակող հայտարարությունն այսօր ձայների մեծամասնութամբ՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորատի նիստում:

Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է՝ դասադուլը չեն դատապարտում, սակայն սեփական տեսակետը տեղ հասցնելու արդյունավետ միջոց էլ չեն համարում:

«Մեր խնդիրն է` հորդորել ուսանողությանը, որպեսզի նրանք վերադառնան լսարան: Ընդ որում` դուք տեսաք, որ այդ ուսանողները մեծամասնությունը չեն մեր ուսանողության, բայց միևնույնն է` նրանք մեզ համար շատ կարևոր են, և մենք գտնում ենք, որ այս ճանապարհով խնդիրները բարձրացնելը արդյունավետ չէ», - հայտարարեց ռեկտորը:

Արամ Սիմոնյանը նաև վստահեցրեց՝ որևէ մեկի նկատմամբ ճնշումներ չկան: Հիշեցնենք` երեկ մեծ աղմուկ էր առաջացրել համալսարանի դասախոսներից մեկի գրառումն այն մասին, որ պետական համալսարանի դասախոսներին ներքին կարգով արգելել են հրապարակավ արտահայտվել բանակին և տարկետմանը վերաբերող հարցերի շուրջ, իսկ ակտիվ ուսանողներին սպառնացել են ձերբակալություններով:

«Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել: Համալսարանը ազատ տարածք է կարծիքներ արտահայտելու... հորդորել ենք միայն մի բան` ուսանողներին բացատրեն, որպեսզի նրանք չգնան դասադուլի, որովհետև դա ճանապարհ չէ խնդիրները բարձրացնելու և դրանց արդյունավետ լուծում տալու», - նշեց ռեկտորը:

«Ազատության» հարցին` այդ դեպքում ինչո՞ւ են փակվել համալսարանի դռները, Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը նման հրահանգ չի տվել և պետք է քննեն, թե ինչ է տեղի ունեցել:

Ռեկտորատի նիստում հայտարարությունից բացի առանձին քվեարկության է դրվել նաև հարցը, թե արդյոք համալսարանի ղեկավարությունը, դեկանները կողմ են ակադեմիական տարկետումը փաստացի վերացնող օրինագծին:

ԵՊՀ 19 ֆակուլտետների դեկանների մեծ մասը կողմ են քվեարկել, Արամ Սիմոնյանը նշում է՝ թեև հատկապես բնագիտական ֆակուլտետների հետ կապված մտահոգություններ կան, սակայն օրենքն անհրաժեշտ է. - «Ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ երիտասարդի համար ոչ միայն պարտք է, այլև խիստ ցանկալի է, որ նա բանակի բովով անցնի, որովեհտև տղան դառնում է տղամարդ, իսկ մեզ տղամարդիկ շատ են պետք»:

Ռեկտորատի նիստում զինապարտության մասին օրինագծին ձեռնպահ են քվեարկել կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը և, ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը․ իսկ ռադիոֆիզիկայի, կիրառական մաթեմատիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետների դեկաններ Խաչատուր Ներկարարյանը, Վահրամ Դումանյանը, Արթուր Սահակյանը դեմ են քվեարկել: Վերջինս ասաց՝ ընդհանուր առմամբ կողմ է այն փաստարկներին, որ բերում են օրենքի կողմնակիցները, սակայն դեմ է քվեարկել, քանի որ համոզված է` այժմ տարկետման վերացումը մեծ հարված կհասցնի գիտությանը: Սահակյանի խոսքով` պետք է պահպանել տարկետումը՝ էականորեն կրճատելով տեղերի քանակը:

Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը ևս դեմ է, ասում է՝ անհասկանալի է, որն է տարկետման վերացման նպատակը: Վնասները, ըստ Դումանյանի, ավելի մեծ կլինեն, քան օգուտը: Մի քանի տասնյակ ասպիրանտներ ու ուսանողներ կհամալրեն բանակի շարքերը, սակայն մեծապես կտուժի հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ ինչպես սպորտում՝ մեծ ընդմիջումը լուրջ հարված է հասցնում որակին:

Տարկետումը վերացնող օրինագծին կողմ դեկաններից է բանասիրական ֆակուլտետի ղեկավար Արծրուն Ավագյանը: Նա շեշտեց՝ կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի համար ավելի կարևոր է բանակը:

Այսօր Կառավարությունում՝ նիստից հետո, ակադեմիական տարկետման վերացմանը անդրադարձել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ մի խնդրի լուծումը մյուսին չպետք է վնասի:

«Պիտի լինի այնպիսի տարբերակ, որ և՛ իրոք մենք ունենանք ուժեղ բանակ, և՛ ունենանք մասնագետների ինստիտուտ, որ մեր կյանքի մյուս բնագավառների համար մասնագետ պատրաստի», - նշեց Մարտիրոսյանը: