Նկարիչների միությունը հիմնադրման 85-ամյակը կնշի հոբելյանական ցուցահանդեսով

Առաջիկա շաբաթ օրը Նկարիչների միության ցուցասրահում կբացվի երիտասարդ գեղանկարիչների ցուցահանդեսը:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ այդ «նոր սերնդի ստեղծագործողների անունները տարիներ հետո կհնչեն որպես կերպարվեստի գործիչներ»:

Նկարիչների միությունն անդամների թվով ամենամեծն ստեղծագործական միությունն է՝ 1000-ից ավելի անդամ ունի: Այս երիտասարդական ցուցահանդեսին հաջորդելու է համահանրապետական ցուցահանդեսը, որը նվիրված է Նկարիչների միության հիմնադրման 85-ամյակին․ - «Արդեն ավանդույթ է դարձել, որ հինգ տարին մեկ մենք հրատարակում ենք տեղեկատու պատկերագիրք, որտեղ զետեղված են բոլոր այսօր գործող Նկարիչների միության անդամների տվյալները՝ մեկական աշխատանքով»:

Հոբելյանական ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 14-ին: Այդ օրը, Կարեն Աղամյանի փոխանցմամբ, կցուցադրվեն նաև միության պահոցներում պահպանվող նկարներ: Նախկինում, խորհրդային ժամանակներից ի վեր, ամեն տարի պետությունը գնումներ էր կատարում նկարիչներից, որոնց աշխատանքների մի մասը հենց ցուցահանդեսներից հետո գնվում էր պետության կողմից: Մեր օրերում պատկերն այլ է․ նկարիչների համար ոչ միայն նոր ցուցասրահներ են անհրաժեշտ, այլև՝ հնարավորություն այդ նկարները վաճառելու:

Իսկ այժմ, ինչպես ասաց Աղամյանը, նման գնումներ չեն կատարվում․ - «Անկախության տարիներից ի վեր չի եղել: Սա լավ բան չի, որովհետև չի խրախուսվում կերպարվեստի զարգացումը: Ցուցասրահների հետ կապված շատ պակասություն զգացվում է Հայաստանում: Հայտնի է, որ լավագույն ցուցասրահը այսօր Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներն են, որոնք միշտ զբաղված են»:

Միության արխիվային պահոցների աշխատանքներից լավագույնները պահպանվում են Ազգային պատկերասրահում կամ Ժամանակակից արվեստի թանգարանում, բայց, ինչպես ասում էր Կարեն Աղամյանը, թե՛ պատկերասրահը, թ՛ե Ժամանակակից արվեստի թանգարանը նույնպես տարածքային խնդիրներ ունեն:

Հարցին, թե անկախության տարիներին ինչ զարգացում է ապրել հայկական կերպարվեստը, ինչ ձեռքբերումներ են գրանցել ստեղծագործող գեղանկարիչները, Աղամյանն արձագանքեց․ - «Ձեռքբերումներ բառը, ես կասեի, բնորոշ չէ մեզ այդ դեպքում: Անկախության տարիներին մենք ավելի շատ կորուստներ ենք ունեցել: Կորուստներ ոչ միայն մարդկային, այլև ստեղծագործական: Անցել է քառորդ դարից ավել, և դուք չեք նշի այնպիսի անուններ, ինչպիսին տվել էր այն ժամանակ աշխարհին՝ Սարյան, Քոչար և ուրիշներ․․․ Որովհետև այսօր նկարիչները չունեն հնարավորություն ստեղծագործությունները իրացնելու: Եթե 60-ականներին նկարիչը առավոտյան զարթնում էր և սկսում էր իր օրը արվեստանոցում, այսօր այդպես չի: Այսօր նկարիչը շատ քիչ է ստեղծագործում, որովհետև պահանջարկն է քիչ, պահանջարկ գրեթե չկա: Այստեղ պետք է պետությունը ձեռք մեկնի անպայման՝ խրախուսելով լավը: Քանի որ եթե չես խրախուսում լավը և ազգայինը, կերպարվեստը խեղաթյուրվում է․ այն, ինչ որ տեղի է ունենում մեր ժամանակներում»:

Դիտարկմանը, թե Արևմուտքում նույնպես պետությունը չի խրախուսում նկարիչներին, Աղամյանն հակադարձեց․ - «Որոշ չափով խրախուսում է: Հայաստանի միակ երկիրն է աշխարհում, որտեղ կերպարվեստի արվեստանոցից գույքահարկ են վերցնում այնքան, ինչքան կազինոյից և խանութից: Ստացվեց, որ ոչ թե խրախուսում է, այլ հակառակն է անում: Չկա որևիցե ֆոնդ, ինչպիսիք կան, օրինակ, Անգլիայում, Ֆրանսիայում կամ Մերձբալթյան երկրներում, որոնք նպաստում է կերպարվեստի զարգացմանը և գնումներ են անում: Շատ պարզ մի բան ասեմ․ Մերձբալթյան երկրներում Գեղարվեստի ֆոնդը սնվում է խմիչքի և սիգարետի վաճառքից․ 2 տոկոսը անպայման պիտի գնա էդ ֆոնդ: Մեծ գումարներ են, որոնցով և իրականացվում են և՛ կերպարվեստի, և՛ գրականության ծրագրեր: Մեր մոտ չկա․ պետությունը ոչինչ չի անում, չի էլ մտածում այդ մասին: Առանց հովանավորչական աշխատանքի արվեստները չեն կարող զարգանալ: Արվեստը կոմերցիա չի: Կամ միայն կոմերցիա չի»: