Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի կարծիքով՝ իր երկրի համար օգտակար կլինի Հայաստանի փորձը, որը, լինելով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, շուտով համագործակցության համաձայնագիր է ստորագրելու Եվրամիության հետ:
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և շուտով Եվրամիության հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրելու: Դա հետաքրքիր փորձ է Մոլդովայի համար», - Ֆեյսբուքում գրել է Դոդոնը, ով այսօր ժամանում է Երևան:
Երկօրյա պաշտոնական այցի շրջանակում, ինչպես հաղորդել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, նախատեսված են Մոլդովայի նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
Դոդոնն ընդգծել է, որ սա Մոլդովայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան 26 տարի առաջ իր երկրի անկախության հռչակումից ի վեր: