«Չի կարելի վզին տալ, տանել-մտցնել բերդ». ՀՀԿ-ականները դեմ են բանակից խուսափածներին բանտ ուղարկելուն

Ալիկ Սարգսյան, Ֆելիքս Ցոլակյան

Իշխող Հանրապետականի պատգամավորները մտահոգիչ են համարում Պաշտպանության նախարարության առաջարկությունը, ըստ որի, պետք է վերջին անգամ հնարավորություն տալ բանակից խուսափած և արտերկրում գտնվող 27 տարին լրացած քաղաքացիներին կոնկրետ գումար վճարելով ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք։

Մասնավորապես՝ պաշտպանության նախարարության այս առաջարկությունը լուրջ հակազդեցություն առաջացրեց իշխող հանրապետականների մոտ: Նրանք նաև անընդունելի համարեցին նախարարության մյուս առաջարկը՝ բանակից խուսափելու համար սահմանված վճարի չափը զգալիորեն մեծացնել՝ հասցնելով մոտ 9 միլիոն դրամի, այսինքն՝ ամեն բաց թողնված զորակոչի համար սահամանել 500 հազար դրամ, նախկին 30 հազար դրամի փոխարեն։

Խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ, Հանրապետական, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը բավական կոշտ հարցադրումներ արեց, թե արդյոք ո՞րն է նախարարության ուզածը՝ դրսում գտնվող երիտասարդներին բա՞նտ ուղարկել։

«Գումարային տեսակետից ահագին բարդ գումար է, հարուստը բերի-մուծի, մյուսը չի կարող մուծել, ուղղակի չի կարող, իսկ այս օրենքն էլ անցել է, ի՞նչ ես անելու, նստացնե՞լու ես։ Տեսեք՝ ժամկետն անցել է՝ 27-ն անցել է, ինքը էդ փողը չուն մուծելու, եկել է Հայաստան, ի՞նչ ենք անում, նստացնո՞ւմ ենք, բանտ ենք տանո՞ւմ, հարց եմ տալիս՝ նստացնո՞ւմ ենք։ Այսինքն՝ ինչ ենք ուզում անել՝ էդ մարդկանց տանել բանտե՞րը», - ասաց Ցոլակյանը՝ շարունակելով. - «Ռուսաստանում ապրող մեր հայերը, որ գալիս են ստեղ, դրանց մեծ մասը՝ հետ գալացողների, փող չունեն, որ հետ են գալիս։ Գործերը չի ստացվել, ոչ մի բան չի ստացվել, թողում, հետ են գալիս։ Մենք նայում ենք, որ ունևոր մարդ պիտի գա՞ հետ, եթե ունևոր մարդ է, չեմ կարծում, որ այդքան հեշտությամբ կգա ու ստեղ փողը կտա, կազատվի, նման փող գրելով արդեն մենք վանում ենք նրան, չենք թողնում, որ գա, 100 տոկոսով վանում ենք, ասում ենք՝ «չէ, դու չգաս, որովհետև էդքան փող դու չես կարող մուծել»։ Եթե գումարը մի քիչ դոստուպնի լինի, կարել է էդ անել»։

Հանրապետական մեկ այլ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ անթույլատրելի համարեց առաջարկն՝ ասելով, թե «այլ լուծում է պետք գտնել, ոչ թե վզին տալ՝ տանել-մտցնել բերդ»:

«Ինչի՞ չեք ուզում օրենքի մեջ ևս մի կետ նախատեսել դրանց վերաբերող, ոչ թե վզին տանք ու տանենք-կոխենք բերդ», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով. - «Փողը չի մուծում, եկել է՝ «փող չունեմ», քյասիբ հազիվ եկել-հասել է Հայաստան, 28 տարեկան է, մենք իրան տանում ենք բերդ, դատում ենք մի 7 տարի, 5 տարի՝ եկեք իրենց էլ մի շանս տանք»։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Հանրապետական մեկ այլ պատգամավոր Կորյուն Նահապետյանն էլ անընդունելի համարեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի առաջարկը՝ օրենքով սահմանափակել ժամկետների հետագա երկարաձգումը։

Կորյուն Նահապետյանը նշեց, որ նախ այս կերպ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պատգամավորներին զրկել այս օրենքի հետ կապված հետագայում փոփոխություններ առաջարկելու սահմանադրական իրավունքից։ Բացի այդ, ըստ Նահապետյանի, 2004 թվականից սկսած օրենքի ժամկետները երկարաձգելով հնարավորություն են տվել, որ տարեկան 700-ից 800 երիտասարդ վերադառնա հայրենիք, վճարի գումարը և ազատվի քրեական պատասխանատվությունից։ Ավելին՝ 2004 թվականից ի վեր 8 միլիարդից ավելի գումար է մուտքագրվել Պաշտպանության նախարարության հաշվեհամարին: Պաշտպանության հանձնաժողովի նախագահը շեշտեց՝ պետք է այդ երիտասարդներին ողջամիտ պայմաններով հայրենիք վերադառնալու հնարավորություն տրվի:

Կորյուն Նահապետյան

«Մենք ի՞նչ ենք ուզում, ի վերջո նպատակը ո՞րն է օրենքի այս նախագծի։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին մեր նպատակը նա պետք է լինի, որ մեր հայրենակիցները՝ նրանք, ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից, չեն զորակոչվել, ընտանիքներով փոքր տարիքում մեկնել են արտերկիր և այնտեղ են ապրում, նպաստենք, որպեսզի նրանք վերադառնան, եթե նրանք նման ցանկություն ունեն, և լրացուցիչ խոչընդոտներ չհարուցենք։ Ես հասկանում եմ, որ զինվորական ծառայությունից խուսափող անձանց մասին ենք խոսում, բայց, եթե նրանք վերադառնում են 27 տարին լրանալուց հետո, արդյո՞ք մենք զորակոչում ենք նրանց, բնականաբար, չենք զորակոչում։ Այստեղ, պարոն Ցոլակյանը մի ողջամիտ առաջարկ արեց՝ իսկ ինչպե՞ս վարվել այն անձանց հետ, ովքեր ընդհանրապես ի վիճակի չեն այդ գումարը վճարելու և ուզում են գալ հայրենիք։ Այդ պարագան էլ պետք է մտածենք», - ասաց Նահապետյանը՝ հրապարակելով այդ առումով մի ուշագրավ վիճակագրություն. - «Էս պահին դրությամբ, պարոն Ցոլակյան, 11 հազար հետախուզվողներից 86 տոկոսը դրանք պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողներն են»։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատահական չհամարեց, որ այս նախագիծը ժամանակին Սփյուռքի նախարարությունն էր առաջ մղում։ «Պատահական չէր, որ Սփյուռքի նախարարությունն էր բերում որպես պաշտոնական ներկայացուցիչ, բերում էր հայրենադարձության, ներգաղթի ապահովման, մեր հայրենակիցների՝ հայրենիք վերադարձման, այսինքն՝ այդ կոնտեկստում կառավարության դիրքորոշումն ինչպիսի՞ն կլիներ, արդյո՞ք մենք շատ բարձր չափ սահմանելով յուրաքանչյուր զորակոչի համար՝ 500 հազար դրամ և 18-ից 27 տարեկանների դեպքում 9 միլիոն դրամ, բարձր շեմ չե՞նք սահմանում և դրանով խոչընդոտ հանդիսանում, որպեսզի մարդիկ՝ նրանք, ովքեր անգամ զինվորական ծառայությունից խուսափել են, կատարել են Քրեական օրենսգրքով արգելված արարք, նրանց հնարավորություն տանք, ողջամիտ պայմաններով վերադառնալ հայրենիք», - ասաց Նահապետյանը։

Նշենք, որ դեռևս 2004 թվականին ընդունված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում մինչ այժմ 8 անգամ կատարվել է փոփոխություն՝ պարբերաբար հնարավորություն տալով հազարավոր երիտասարդների վերադառնալ Հայաստան:

Խորհրդարանի բոլոր խմբակցությունների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է ևս մեկ անգամ երկարաձգել օրենքի գործունեության ժամկետը՝ թույլ տալով, որ արտերկրում գտնվող Հայաստանի այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, կարողանան Հայաստան վերադառնալ, օրենքով սահմանված գումարը վճարել և քրեական հետապնդումից ազատվել:

Նկատենք, սահմանված նախորդ ժամկետը 2015 թվականի մայիսին էր: Պաշտպանության նախարարությունը, սակայն, պնդում է՝ սա պետք է լինի նման վերջին հնարավորությունը, որպեսզի փողով բանակից խուսափելու ճանապարհը փակվի:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը շեշտեց՝ եթե սահմանափակումներ չարվեն, ապա զինակոչի ենթակա երիտասարդները կշարունակեն դուրս գալ երկրից:

«Մենք առաջարկում ենք ընդհանրապես հենց այս իսկ օրենքով սահմանափակել, որ հետագայում կարող է այս օրենքը երկարաձգվել, և ընդհանրապես հրաժարվենք այս պրակտիկայից։ Մեզ է շատ պետք, որ մեր քաղաքացիները վերադառնան, բայց միևնույն ժամանակ պետք չէ այդ դուռը բաց պահել, որ մյուս կողմից էլ գնացողները գնան», - ասաց փոխնախարարը։

Արտակ Զաքարյան, արխիվ

Արտակ Զաքարյանը նաև համաձայն չէ, թե ամեն զորակոչի համար 500 հազար դրամ գանձելը մեծ գումար է:

«Այդ 9 միլիոնն էն է, որ արդեն մարդը 9 տարի շարունակ գտնվել է հետախուզման մեջ՝ քրեական հանցագործ, և ասում ենք՝ գիտեք ինչ, էդ քրեական հանցագործը մեղք է, կարող է փող չունենա, եկեք խղճանք էս քրեական հանցագործին մի քիչ ցածր տանք», - ասաց Զաքարյանը։

Պաշտպանության փոխնախարարն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ իրենք դեմ չեն լինի, եթե օրենքի նախագիծը հեղինակած պատգամավորները ամեն զորակոչի համար նախատեսված 500 հազար դրամը նվազեցնեն, սակայն Պաշտպանության նախարարությունը շարունակելու է պնդել, որ հետագայում վերացվի փողով բանակից խուսափելու հնարավորությունը:

«Այդ քայլն այլևս չլինի և օրենքի եզրափակիչ դրույթում նշվի, որ էս օրենքի ժամկետի լրացման դրույթն այլևս վերանայման ենթակա չէ։ Մենք առաջարկում ենք, որ այդտեղ [2017 թվականի դեկտեմբերի 1] արդեն մենք կանգ առնենք և այլևս չշարունակենք», - ասաց Զաքարյանը։

Հավելենք, որ խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը ևս մեկ անգամ կքննարկի այս ուրբաթ, որտեղ էլ պարզ կդառնա արդյո՞ք իշխող Հանրապետականի պատգամավորները կընդունեն Հանրապետական, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկները: