Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վիետնամում, այսօր ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նման հանդիպում անցկացնել Պուտինի հետ, նախագահ Պուտինը պատրաստ է նման հանդիպման։ Ամերիկացիները գիտեն։ Երկու երկրների համապատասխան ծառայությունները շփման մեջ են», - ասել է Լավրովը։
Նա չի բացառել, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի 10-ին կամ 11-ին Վիետնամում՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Լավրովը նաև չի բացառել Վիետնամում իր հանդիպումը ամերիկացի պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ։
Ինչ վերաբերում է Թրամփ-Պուտին հանդիպման օրակարգին, Լավրովի փոխանցմամբ՝ բացի երկկողմ հարաբերություններից, որոնք «Օբամայի թիմի ջանքերի շնորհիվ լուրջ վերանորոգման կարիք ունեն», նախագահները կարող են քննարկել նաև Ուկրաինան, իրավիճակը Կորեական թերակղզում և սիրիական ճգնաժամի կարգավորումը։
Նոյեմբերի 3-ին Թրամփը հայտարարել էր, որ կարող է հանդիպել Պուտինի հետ Ասիական-խաղաօվկիանոսյան տարածաշրջան իր այցի շրջանակում։ Կրեմլը հայտնել էր, որ նման հանդիպումն արդեն համաձայնեցվում է, և որ այն չափազանց կարևոր է միջազգային բոլոր խնդիրների համար։
Նախագահ ընտրվելուց հետո Թրամփը մեկ անգամ է հանդիպել Պուտինի հետ՝ հուլիսի 7-ին Համբուրգում, Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ։ Հանդիպումը տևել էր երկու ժամից ավելի, երկու առաջնորդներն էլ լավատեսական հայտարարություններ էին արել, սակայն դրանից հետո ճգնաժամը երկու միջուկային տերությունների հարաբերություններում է՛լ ավելի է խորացել։ Վաշինգտոնը ոչ միայն չի չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, այլև նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք սկսելու են գործել արդեն դեկտեմբերին:
Այսօր Թրամփը ժամանել է Չինաստան: