Սաակաշվիլին Ուկրաինայի տարածքում, ըստ միգրացիոն ծառայության, «օրինական է գտնվում»

Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին դիմում է ցուցարարներին, Կիև, 7-ը նոյեմբերի, 2017թ․

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Ուկրաինայի միգրացիոն ծառայությունից փաստաթուղթ է ստացել, ըստ որի՝ ինքն այդ երկրի տարածքում օրինական է գտնվում:

«Իհարկե, ես սրանով չեմ բավարարվում, այլ դատական կարգով եմ պայքարելու իմ քաղաքացիությունը վերականգնելու համար», - երեկ Ֆեյսբուքում գրել է Սաակաշվիլին:

Նրան Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել է երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն, պնդելով, թե քաղաքացիություն ստանալու ժամանակ Սաակաշվիլին իր մասին տեղեկություններ է թաքցրել՝ մասնավորապես, որ Վրաստանում իր դեմ քրեական գործ է հարուցված:

Արդեն մեկ ամիս է՝ ուկրաինական ընդդիմադիր ուժերը՝ Սաակաշվիլիի հետ, ցույց են անցկացնում Գերագույն ռադայի շենքի մոտ՝ պահանջելով լայնարձակ քաղաքական բարեփոխումներ, այդ թվում՝ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկում ու հակակոռուպցիոն դատարանի ստեղծում: