Թրամփ. «Հյուսիսային Կորեան համաշխարհային սպառնալիք է»

ԱՄՆ և Հարավային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Մուն Ջե Ինը, Սեուլ, 7 նոյեմբերի, 2017թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սեուլում հայտարարել է, որ պաշտպանվելու կամ դաշնակիցներին պաշտպանելու անհրաժեշտության դեպքում Ամերիկան կօգտագործի ռազմական ամբողջ կարողությունը, սակայն հավելել է, որ ինքը նախևառաջ ցանկանում է հարցը լուծել խաղաղ և դիվանագիտական եղանակով:

«Հյուսիսային Կորեան համաշխարհային սպառնալիք է, որին պետք է ամբողջ աշխարհն արձագանքի: Մենք կոչ ենք անում բոլոր պատասխանատու տերություներին, այդ թվում Չինաստանին և Ռուսաստանին՝ պահանջել Հյուսիսային Կորեայից հրաժարվել միջուկային և հրթիռային զենքից, վերջ տալ փորձարկումներին և խաղաղ ապրել Հարավային Կորեայի հետ, որը գիտի խաղաղության արժեքը: Եկել է մեծ վճռականությամբ հրատապ քայլերի դիմելու ժամանակը»,- ասել է Թրամփն ասուլիում, որին մասնակցել է նաև Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ինը:

Վերջինս շնորհակալություն է հայտնել Թրամփին Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի հարցում միջազգային հանրության ջանքերն առաջնորդելու համար:

«Ես գիտեմ, որ Դուք այդ հարցը անվտանգության օրակարգի առաջնահերթություն եք համարում», - ասել է Հարավային Կորեայի ղեկավարը:

Թրամփը Հարավային Կորեա է ժամանել Տոկիոյից, որտեղ հաստատել է, որ Ամերիկան անվերապահորեն սատարում է Ճապոնիային և Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքի դեպքում պատրաստ է կիրառել բոլոր պաշտպանական միջոցները:

«Այս պահին, երբ մենք միասին աշխատում ենք խնդիրը լուծելու ուղղությամբ, սեղանին բոլոր հնարավոր տարբերակներն են, որոնք ռազմական գործողություն չեն ենթադրում, թեպետ հարկ եղած դեպքում Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է պաշտպանվել և պաշտպանել դաշնակիցներին՝ գործի դնելով իր անհամեմատելի ռազմական հզորությունը», - ասել է Թրամփը:

Նա մեկ օր կգտնվի Հարավային Կորեայում, սակայն, ինչպես հաղորդում են Թրամփի թիմի ներկայացուցիչները՝ մտադիր չէ այս ընթացքում այցելել Հյուսիսային և Հարավային Կորեան բաժանող ապառազմականացման գոտի:

«Մենք չենք կարող Հյուսիսային Կորեային թույլ տալ սպառնալ այն ամենին, ինչը մենք միասին ենք կառուցել, ինչով մենք բոլորս միասին շատ ենք հպարտանում»,- ասել է Թրամփը:

Նա կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի շահերից է բխում ավարտել առճակատումը և հաշտվել հարևանների հետ: Չմանրամասնելով՝ Թրամփն ակնարկել է, որ դրա հնարավորության որոշակի նախանշաններ կան:

«Աստծո կամոք, մենք ստիպված չենք լինի զենքի դիմել»,- ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ առճակատման կարգավորման դեպքում Հյուսիսային Կորեայի առաջ կբացվի փայլուն հեռանկար, սակայն դրա համար Փհենյանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և հրթիռներից:

«Հյուսիսային Կորեայի 6-րդ միջուկային փորձարկումը և հրթիռների արձակումները սպառնում են ոչ միայն Հարավային Կորեայի ժողովրդին, այլ ամբողջ մարդկությանը, մենք միասին ենք հակազդելու դրան և դիկտատորին թույլ չենք տալու վտանգել միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքը»,- ասել է Թրամփը:

Այսօր ավելի վաղ, Քեմփ Հեմֆրիս ռազմակայանի տարածքում զրուցելով ամերիկացի և հարավկորեացի զինծառայողների հետ, Թրամփը հույս է հայտնել, որ խնդիրն ի վերջո պետք է լուծվի, «պարտավոր ենք լուծել», հավելել է նախագահը:

«Բոլոր երկրները պետք է իրագործեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և դադարեցնեն առևտուրն ու բիզնեսը Հյուսիսային Կորեայի հետ, անընդունելի կլինի, եթե գտնվեն երկրներ, որոնք կֆինանսավորեն այդ վտանգավոր ռեժիմը և կօգնեն դրան զինվել»,- ասել է Թրամփը: