Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի Միացյալ Նահանգներ այցի նախաշեմին Վաշինգտոնը վերսկսում է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը՝ սակայն որոշ սահմանափակումներով:
Թուրքիայում ամերիկյան դեսպանատունը հայտարարում է, որ այդ որոշումը հաջորդում է պաշտոնական Անկարայի ամենաբարձր մակարդակով հավաստիացումներին, թե այսուհետ ամերիկյան դիվանագիտական կորպուսի աշխատակիցները չեն հետապնդվելու կամ ազատազրկվելու իրենց պաշտոնական պարտականություններին վերաբերող հարցերով:
Ամերիկյան կողմի հայտարարությունից հետո Թուրքիան, իր հերթին, մասնակիորեն վերացրեց Միացյալ Նահանգների քաղաքացիներին վիզաների տրամադրման սահմանափակումները:
Շաբաթներ առաջ, հիշեցնենք, ամերիկյան կողմը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները ձերբակալեցին ամերիկյան հյուպատոսության աշխատակիցներից մեկին՝ լրտեսության և Նահանգներում գտնվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ համագործակցելու մեղադրանքով: Ի պատասխան՝ Անկարան իր հերթին էր դադարեցրել վիզաների տրամադրումը:
Թուրքական կառավարության ղեկավարը շտապեց ողջունել ամերիկյան կողմի, իր բնորոշմամբ՝ դրական քայլը, բայց և ընդգծեց, որ Նահանգներից դրական քայլ է ակնկալում ավելի կարևոր՝ Գյուլենի արտահանձնման հարցում, ում թուրքական իշխանությունները համարում են անցյալ տարի երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչ: Յըլդըրըմը հույս հայտնեց, որ դաշնակից Վաշինգտոնը կբավարարի Անկարայի կողմից ամիսներ շարունակ հնչեցվող պահանջը, որը ամերիկյան կողմը բավականաչափ հիմնավորված չի համարում:
«Գյուլենի կողմնակիցների հանցավոր գործունեության մասին փաստերը այլևս չեն տեղավորվում մեկ սենյակում: Եվ եթե այդ բոլոր փաստաթղթերը անուշադրության են մատնվում, ապա ամերիկյան կողմի մտադրությունները կասկածի տեղիք են տալիս: Մենք ԱՄՆ-ին բավարար փաստեր ենք ներկայացրել, և Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի արդադատությունը օրենքի շրջանակներում որոշում կընդունի», - Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, որտեղ նախատեսված է Յըլդըրըմի հանդիպումը փոխնախագահ Մայք Փենսի հետ, քննարկվելու են նաև ահաբեկչության, մասնավորապես, ինչպես նշում է թուրքական կողմը, քրդական խմբավորումների դեմ պայքարին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, Էրդողանի վարչակազմը քննադատում է Իրաքի քրդերին զինելու՝ Վաշինգտոնի քաղաքականությունը, պնդելով, թե քրդերի ակտիվացումը տարածաշրջանում սպառնալիք է նախ և առաջ Թուրքիայի անվտանգության համար:
Վերջին ամիսներին երկու դաշնակից երկրների միջև լարվածության մեկ այլ պատճառ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների դեմ ԱՄՆ-ում քրեական գործի հարուցումը՝ այս տարվա մայիսին Վաշինգտոն այցի ժամանակ դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին ծեծելու համար:
Այս հարցում պաշտոնական Անկարայի զայրույթը չմարած՝ ամերիկյան իրավապահները մեղադրանք առաջադրեցին Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Ջաֆեր Չաղլայանին, ում սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում: Մանհեթենի շրջանային դատարանի մեղադրական եզրակացության համաձայն, թուրք նախարարը միլիոնավոր դոլարների կաշառքի և ոսկերչական իրերի դիմաց աջակցել է, որ Իրանը կարողանա դրամական փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Անկարան հայտարարել է, թե դատական այդ գործը գյուլենականների հերթական հեղաշրջման փորձն է ամերիկյան արդարադատության միջոցով։
Թուրքիայի վարչապետը առաջին անգամ է մեկնում Միացյալ Նահանգներ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Ըստ պաշտոնական աղբյուրների, Յըլդրըմը փոխվարչապետի, արտաքին գործերի և էներգետիկայի նախարարների հետ միասին քառօրյա այցի ընթացքում Նյու Յորքում մի շարք միջոցառումների է մասնակցելու, ապա Վաշինգտոնում Փենսի հետ բանակցությունների միջոցով փորձելու է մեղմել դիվանագիտական ճգնաժամը: Այսօր նախատեսված այդ հանդիպումը տեղափոխվել է նոյեմբերի 9-ին: Որոշումն ընդունվել է, երբ Թուրքիայի վարչապետը արդեն Վաշինգտոնի ճանապարհին էր: Հանդիպումը հետաձգելու պատճառների մասին չի հաղորդվում, նշում են թուրքական լրատվամիջոցները: