Դասադուլ՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման

Այսօր մի քանի տասնյակ ուսանողներ դասադուլ անցկացրեցին՝ բողոքելով զինվորական ծառայության մասին օրինագծի դեմ։

Ուսանողները ցույցը սկսեցին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց՝ հայտարարելով, որ Կրթության նախարարությունից չեն արձագանքել օրինագծի շուրջ իրենց հնչեցրած մտահոգություններին: Ցույցի մասնակիցներն անգամ զանգահարեցին նախարարության թեժ գիծ, սակայն նրանց ոչ ոք չպատասխանեց:

Ուսանողները կրթության և գիտության, ինչպես նաև պաշտպանության նախարարներից պահանջում են ոչ միայն իրենց անձնական օրինակները ներկայացնել, թե ինչպես են բանակում ծառայելուց հետո շարունակել ուսումը, այլև հետազոտություններ, որոնք կապացուցեն զինծառայության մասին նոր օրինագծի արդյունավետությունը:

«Այն փաստարկը, որ ասպիրանտուրան հաճախ օգտագործվում է որպես բանակից խուսափելու միջոց, մենք որպես կրթական համակարգի ներկայացուցիչներ նույնպես ընդունում ենք, որ այո՛, կրթական համակարգում կա կոռուպցիա, կան կոռուպցիոն ռիսկեր, սակայն մենք նաև կարծում ենք, որ կրթական համակարգի ներսում եղած խնդիրները պետք է լուծվեն կրթական համակարգի ներսում», - ասաց ցուցարարներից մեկը՝ պահանջելով հանդիպում կրթության նախարար Լևոն Մկրտչյանի հետ։

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծով, հիշեցնենք, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել 3 տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

ԵՊՀ ֆակուլտետների դեկանները «Ազատության» հետ զրույցում հիմնականում չէին ողջունում ուսանողների դասադուլը։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ասաց, որ կողմ է օրինագծին։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուրը ոք պետք է գնա և իր պարտքը կատարի։ - «Այդ օրինագիծը չի վնասում կրթությանը», - հայտարարեց դեկանը։ - «Հայ երիտասարդը ցույց է անում, որպեսզի բանակում չծառայի, սա անբարոյականություն է, սա ամոթ է», - հավելեց նա:

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ևս սխալ համարեց ուսանողների բողոքի ակցիան․ - «Դասադուլին ես դեմ եմ, բայց որ ուսանողները օրինական ճանապարհներով իրենց իրավունքները կարող են արծարծել՝ դրան ոչ ոք դեմ չէ: Բայց դասադուլին, անկեղծ ասած, դեմ եմ»:

Դասադուլի մասնակիցները քայլերթով անցան մի քանի բուհերի մոտով՝ կոչ անելով ուսանողներին միանալ դասադուլին։ Սակայն գրեթե բոլոր ֆակուլտետների դռների փակվել էին՝ այդ կերպ արգելելով ներսում գտնվող ուսանողներին դուրս գալ։

Ակցիայի ընթացքում ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհուն թույլ չէին տվել իր համակուրսեցիներին կոչ անել՝ մասնակցել դասադուլին: - «Ես փորձում էի լսարաններից մեկում հայտարարություն անել, տեղեկացնել, որ հիմա դասադուլ է ընթանում: Հետո այդտեղ անվտանգության աշխատակիցը քաշքշեց, չթողեց, որ ներս մտնեմ», - պատմեց նա:

Երիտասարդներն ասում են՝ պատրաստ են շարունակել դասադուլ անել նույնիսկ այն դեպքում, երբ օրինագիծն ընդունվի:

«Այն հայտարարությունը, որ յուրաքանչյուրը պետք է ծառայի՝ այստեղ խնդիրը կոնցեպտուալ է: Մենք գտնում ենք, որ ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը կարող է լինել նաև այլ մեթոդներով, ու ոչ միայն զինված ուժերում ծառայությամբ ու զենքը ձեռքին: Գիտությամբ զբաղվելը ինքնին նաև ծառայություն է պետությանը», - նշեց ցուցարարներից մեկը:

Քանի որ համալսարանների դռները փակ էին, ուսանողները փորձում էին իրազեկում անցկացնել անգամ պատուհաններից: Նրանք պատրաստվում են՝ յուրաքանչյուրն իր անունից նամակ ուղարկել պաշտպանության նախարարին, որտեղ հորդորում են Վիգեն Սարգսյանին հրապարակային հանդիպում կազմակերպել ուսանողության հետ: Ուսանողները մտադիր են վաղը ևս շարունակել ակցիան: