Վայոց ձորի 12 համայնքների բնակիչները ճանապարհ են փակել, ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեն

Այսօր առավոտից լարված իրավիճակ էր Վայոց ձորի մարզում։ Հետընտրական կրքերը 12 համայնքների բնակիչների դուրս էին բերել տներից․ նրանք ժամեր շարունակ փակ պահեցին Վարդենիս-Եղեգնաձոր ավտոճանապարհը։

«Ազատության» հետ զրույցում Շատին համայնքի բնակիչ Զավեն Սարգսյանը նշեց, որ երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորվել է Եղեգիս խոշորացված համայնքը, ղեկավար է ընտրվել հանրապետական Արթուր Ստեփանյանը, մինչդեռ բնակիչները համաձայն չեն արդյունքի հետ, պահանջում են չեղարկել այն։ «Արթուր Ստեփանյանն անցել է կաշառքի միջոցով: Նա ունի նենց անցյալ, որ ոչ ոք չի ուզում, որ ինքը լինի: Ինքը վերջերս թույն շպրտեց ժողովրդի վրա, լրագրողին ծեծեցին, փակեցին սենյակում: Մենք չենք ուզում հանցագործ գյուղապետ ունենալ»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց նախկին ղեկավար Տիգրան Խուդոյանին։ «Մեր ամենալավ գյուղապետը պարտվել ա կեղծիքի շնորիվ, հիմա մենք հետ ենք պահանջում մեր գյուղապետին: Հարցի լուծումը կլինի էն, որ միան Շատին համայնքը բաժանեն տան մեզ, իրանք գնան որ գյուղում ուզում են՝ խոշորացում հայտարարեն»,- ասաց Զավեն Սարգսյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, «Ազատությանն» ասաց, որ երեկ Շատին համայնքում ընտրությունն ընթացել է բնականոն հունով և հանձնաժողովը որևէ իրավախախտման մասին ահազանգ երեկ չի ստացել։ Ինչ վերաբերում է կաշառք բաժանելուն, Մուկուչյանն արձագանքեց․ «Կաշառք բաժանելը դա հանցագործություն է: Եթե այդ մասին իմանում են և մտահոգ էին այդ խնդիրներով, ուրեմն պետք է պահ առաջ դիմեին իրավապահ մարմիններին»: