Այսօր համայնքի ղեկավար ու ավագանի էին ընտրում Շիրակի մարզի Ախուրյան, Մարալիկ ու Մարմաշեն համայնքներում:
Ախուրյանում, որը միավորելու է 8 համայնք, ընտրապայքարը բավականին թեժ էր, համայնքի ղեկավարի 6 թեկնածու էր առաջադրվել:
«Ազատության» այցելած 4 ընտրատեղամասերի մոտ մարդկանց ու տրանասպորտային միջոցների կուտակումներ էին: Թեպետ տեղամասերի մոտ ոստիկաններ կային, սակայն վերջիններս ոչինչ չէին ձեռնարկում, ոչ էլ փորձում էին տեղամասերի դռների մոտ հավաքված երիտասարդներին հեռացնել:
«Բարեկամներիս չբերե՞մ՝ տատիս, պապիս, հորքուրիս, մորքուրիս: Մեր ազգը գյուղի ամենամեծ ազգն է: Ընդեղ բարեկամ ունինք, ստեղ ունինք, գյուղի մեջն ունինք: Ի՞նչ է եղել, վա՞տ բան եմ արել», - ասաց երիտասարդներից մեկը:
32/2 տեղամասում երիտասարդները կուտակվել էին հենց տեղամասում: Տեղամասային հանձնաժողովի նախագահը նկատելով, որ լրագրողները նկարահանում են, դուրս հրավիրեց նրանց:
Առավել մեծ կուտակում կար 32/3 տեղամասի առջև: Տարածքը հսկող ոստիկաններից հետաքրքրվեցինք, թե ինչու տեղամասի առջև գտնվող մի քանի տասնյակի հասնող մարդկանց չեն հեռացնում՝ պահպանելով 50 մետր շառավիղը:
Լրագրողների ներկայությունը տեղամասի առջև հավաքավածներից ոմանց դուր չեկավ․ - «Առեք կամերաներդ, մեր քովից հեռու գնացեք: Ում կնկարեք, նկարեք»:
Շատերը տաքսի մեքենաներով էին գալիս ընտրության:32/4 տեղամասում ընտրողները հերթ էին կանգնել:
«Կարևոր են ընտրությունները: Հա, մենք կողմնորոշված եկել ենք», - ասաց ընտրողներից մեկը:
«Ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ 6 թեկնածու կա, բոլոր թեկնածուները իրենց կողմնակիցներն ունեն, բոլորը բերում են իրենց կողմնակիցներին ընտրության» , - ասաց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գնել Մանուկյանը:
Այս տեղամասը փոքր տարածքում էր տեղակայվել, թեպետ ամենից շատ ընտրողներն ունի: Այստեղ ժամը 14.00-ին500-ից ավելի ընտրող էր քվեարկել:
Ի դեպ, այդ տեղամասից մի քանի մետր հեռավորություն վրա Ախուրյանի համայնքապետի ԲՀԿ-ական թեկնածուի նախընտրական շտաբն էր: