5000 բնակիչ ունեցող Տավուշի մարզի Աչաջուրը 4 թեկնածուով գյուղապետի հերթական ընտրություններ է անցկացնում։ Գյուղի երկու ընտրատեղամասի դիմաց էլ ասեղ գցելու տեղ չկա. 3 հանրապետական և մեկ դաշնակցական թեկնածուներին պաշտպանելու համար նաև Երևանից բազմաթիվ հյուրեր կան։ Ողջ օրվա ընթացքում 4 թեկնածուներն ու նրանց աջակցող խմբերը շրջում էին ընտրատեղամասերի ներսում ու դրսում։ Համայնքի ավագանու գործող անդամ, գյուղապետի դաշնակցական թեկնածու Սևադա Ղուկասյանին զարմացրեց «Ազատության» հարցը, թե ինչու է տեղամասի մուտքի մոտ գտնվում, եթե վաղուց արդեն որպես ընտրող քվեարկել է։
«Տեղամասի դիմաց իրավունք չկա՞ կանգնել, մեր ժողովրդի հետ շփվել։ Այսինքն, իմ գյուղացիքի հետ չպտի շփվե՞մ, որ ընտրություն ա: Ոչ մեկին ոչ ասում եմ՝ ինձ ընտրեք, ոչ ասում եմ՝ կողմնորոշվել եք, թե չէ, ընտրությունից բացարձակ չենք խոսում, էսօր դա ինձ չի էլ հետաքրքրում: Կարևորը եսզգում եմ, որ հաղթանակած թեկնածու եմ ու իմ ժողովրդի հետ շփվում եմ», - ասաց Ղուկասյանը։
Սևադա Ղուկասյանին աջակցելու համար ընտրատեղամասում էին նաև ԱԺ դաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանը և նրանց այլ աջակիցներ։ Պատգամավորը նաև հանդես էր գալիս որպես թեկնածուի վստահված անձ։
Մյուս թեկնածուի՝ Կարեն Ղալթախչյանի նախընտրական շտաբը շատ մոտ է գյուղի դպրոցում տեղակայված ընտրատեղամասին։ Ընտրողները տեղամաս մտնելու համար անցնում են անմիջապես շտաբի և թեկնածուի դրսում կանգնած կողմնակիցների կողքով։ Նախընտրական շտաբի պետ Վահե Աղբալյանն ասաց, թե պահպանել են օրենքի պահանջը, ըստ որի շտաբը ընտրատեղամասից պետք է գտնվի առնվազն 50 մետր հեռավորության վրա։
Կարեն Ղալթախչյանի շտաբի պետն ասաց․ - «Մեր թեկնածուի ռեսուրսները լրիվ իր ընկերությունն ա, իր դասընկերներն են, իր հարազատներն են, գյուղից ընտրողների չգիտենք արդեն մնացածին»:
Հարցին՝ արդյոք հանրապետական թեկնածուների միջև մրցակցությունը օգնում է, թե՞ խանգարում է, Աղբալյանն արձագանքեց․ - «Չգիտեմ, ես միշտ անկուսակցական և ընդդիմադիր եմ, ոչ մի անգամ իշխանամետ չեմ եղել, չեմ էլ լինի երևի թե: Ես կանգնած եմ ընկերոջս կողքը: Էսօր գյուղացիների մեծ մասը կարող է չիմանա էլ՝ էդ երեք հոգին հանրապետական են, մեկը՝ դաշնակ, թե հակառակը»:
Թեկնածու, գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանը ևս գյուղի մշակույթի տանը տեղակայված ընտրատեղամասի դիմաց էր, որի անմիջապես կողքին է գտնվում նաև գյուղապետարանի շենքը։ Նա էլ ընտրողների հետ շփվում էր, սակայն հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Ի դեպ, հայտնի դարձավ, որ մեկ ժամ առաջ մահացել է նրա տարեց մայրը։
Թեկնածուներից Տաթև Գասպարյանը ևս շրջում էր երկու ընտրատեղամասերում և զրուցում ընտրողների և հանձնաժողովի անդամների հետ։
Նախընտրական շրջանում «Ազատությանը» տված հարցազրույցում Աչաջրում առաջադրված թեկնածուները նշել էին, որ գյուղում խաթարված է բարոյահոգեբանական վիճակը և փորձելու են վերականգնել ընտրողների հավատը։ Այսօր թեկնածուներից Տաթև Գասպարյանը հաստատեց դա:
«Բարոյահոգեբանական մթնոլորտը կարելի ա բարձրացնել, ժողովրդին ավելի ակտիվացնել: Գաղտնի՞ք ա, որ ժողովրդի մոտ հավատ կա կորած», - ասաց Գասպարյանը:
Ինչ վերաբերում է իր քրեական անցյալին, համայնքի ղեկավարի թեկնածուն ժպիտով արձագանքեց.- «Որտե՞ղ չկա կռիվ, պայքար խոսակցություն, ամեն տեղ կա: Անընդհատ՝ Աչաջուր, Աչաջուր, թշնամանք և այլն: Ես կարծում եմ, որ ամեն ինչ ավելի բարդացված է: Կռվող չկա էլ, հերիք ա, էլ իրար հետ չեն կռվելու»:
Աչաջուրի տարեց բնակիչները նշում էին, որ գյուղի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի ․ - «Նախկինի համեմատ շատ ավելի հաճելի ա [անցնում ընտրությունը]»:
37/4 ընտրատեղամասում բավական շատ էին նկատվում ընտրողներ, ովքեր, տեսողական խնդիրների պատճառով, լրացուցիչ աջակցության կարիք ունեն, ընդ որում՝ առանց տարիքային սահմանափակման: Օրինակ՝ միջին տարիքի մի քաղաքացի հանձնաժողովի քարտուղարից օգնություն խնդրեց, վերջինս էլ առանց տատանվելու նրա հետ մոտեցավ քվեախցիկին:
Հարցին, թե ինչո՞ւ են թույլ տալիս, որ ընտրողները քվեաթերթիկով դուրս գան քվեախցից, հանձնաժողովի անդամները պատասխանեցին, որ իրենց մեղքը չէ՝ տարիքով են և տեղյակ չեն ընտրակարգին: Ընտրողները բողոքում էին, թե տեղամասում լույսը քիչ է և լավ չեն տեսնում:
Աչաջուրում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են 4 թեկնածու՝ ավագանու գործող անդամ Սևադա Ղուկասյանը, գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանը, Տաթև Գասպարյանը, ով 1996-99 թվականերին գյուղապետ է եղել, Կարեն Ղալթախչյանը, ով մինչև 2015 թվականը համայնքի ավագանու անդամ է եղել։
4 թեկնածուներից 3-ը հանրապետական են, իսկ Սևադա Ղուկասյանը՝ Դաշնակցության անդամ է։
Նրանք բոլորն էլ ինքնաառաջադրվել են։