Վաղ առավոտից կուտակումներ են Լոռու մարզի Օձուն համայնքի ընտրատեղամասերի առջև: 25/58, 25/57 տեղամասերում քաղաքացիներից շատերը օգնողների ուղեկցությամբ էին քվեարկում՝ պատճառաբանելով, թե լավ չեն տեսնում:
Օձունի 25/57 տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) նախագահ Արմեն Հովասափյանի խոսքով, օգնողների հետ ընտրում են տեսողության հետ կապված կամ մտավոր խնդիրներ ունեցողները։ «Ազատության» դիտարկմանը, թե այդպիսի ընտրողները բավականին շատ են, Հովասափյանը նկատեց․ - «Հայ ազգի մոտ ընդունված ա արդեն, վերջին շրջանում բավականին մոդայիկ է դառել էս ընտրական շրջանում վատ տեսողություն, մտավոր խնդիրներ, լսողության խնդիրներ և այլն»:
Օձունում ընտրում են համայնքի ղեկավար և ավագանի: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու, երկուսը անկուսակցական են, մեկը համայնքի գործող ղեկավարն է, Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուն:
Այսօր հանրապետության 69 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։