Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ճապոնիա` մինչ այդ տեղեկացնելով լրագրողներին, որ պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` ասիական այս շրջագայության ընթացքում:
«Այո, կարծում եմ, որ ծրագրվում է հանդիպում Պուտինի հետ», - նախագահական օդանավում ասել է Սպիտակ տան ղեկավարը` մանրամասնելով. - «Մենք ուզում ենք, որ Պուտինն աջակցի Հյուսիսային Կորեայի հարցում, նրանից բացի մենք հանդիպումներ կունենանք նաև շատ այլ առաջնորդների հետ։ Հյուսիսային Կորեան մեծ խնդիր է Ամերիկայի ու աշխարհի համար, և մենք ուզում ենք լուծել այն»:
Հաղորդվում է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է կայանալ Վիետնամում նոյեմբերի 10-11 կայանալիք Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում:
Նախագահ Թրամփի ասիական այս շրջագայությունը կտևի 12 օր։ Միացյալ Նահանգների առաջնորդը կայցելի նաև Հարավային Կորեա, Չինաստան ու Ֆիլիպիններ: