Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 3 ընտրատեղամասերի առջև կուտակումներ են։
«Ազատության» թղթակցի հետ զրույցում տեղամասերից մեկի առջև հավաքված մարդիկ հայտնեցին, որ արդեն ընտրել են, սակայն հրաժարվեցին հեռանալ ընտրատեղամասի առջից։
Նրանք պահանջեցին, որպեսզի լրագրողները անջատեն տեսախցիկները։ Դիտարկմանը, որ ըստ օրենքի 50 մետր շառավղողվ չի կարելի է մոտենալ տեղամասին, նրանցից մեկն արձագանքեց․ - «Առեք կամերաներդ, մեր կողից էն յան գնացեք, մեր համար կանգնած ենք»։
Լրագրողների հետ կարճ վիճաբանությունից հետո միայն ոստիկանները հեռացրին այդ մարդկանց ընտրատեղամասի առջից։
Ախուրյանում ավագանի և համայնքապետ են ընտրում։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է վեց թեկնածու՝ երեքը անկուսակցական են, թեկնածուներից մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է, մեկը Հայաստանի հանրապետական կուսակցությունից, մեկը՝ գործող համայնքապետը «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից։
Հանրապետական ու դաշնակցական թեկնածուներին կուսակցությունները չեն առաջադրել, հանրապետական թեկնածուն սատարում է գործող համայնքապետ, դաշնակցական Արծրուն Իգիթյանին։
Այսօր հանրապետության 69 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։