Ալեքսանդր Գրիգորյանը կայացրեց ռուսական դրամատիկական թատրոնը Հայաստանում․ Հակոբ Ղազանչյան

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան, արխիվ

1964 թվականից մինչև օրս՝ ճիշտ 53 տարի Ալեքսանդր Գրիգորյանը ղեկավարել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որտեղ այդ ժամանակահատվածում թատերական գործիչների արդեն իսկ մի քանի սերունդ է փոխվել:

Ողջ ստեղծագործական կյանքում ամենատարբեր կոչումների և մրցանակների արժանացած, ավելի քան 150 պիես բեմադրած 81-ամյա Ալեքսանդր Գրիգորյանը հայտնի էր իր աներևակայելի լավատեսությամբ, հումորով և մեծ եռանդով, շեշտում էր Թատերական գործիչների միության (ԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Իսկ այն փաստը, որ նա անընդմեջ ռուսական դրամատիկական թատրոնը ղեկավարել է կես դարից ավելի, իրոք չափազանց ուշագրավ է․ - «Թատրոնը իմացողները գիտեն՝ դա ինչ տառապանք, ինչ նեռվ, ինչ սկզբունքայնություն պահանջող կենսագրություն է»:

Ալեքսանդր Գրիգորյանը ռուսական դրամատիկական թատրոնի հիմնադիր ղեկավարը չէ, իհարկե, բայց ինչպես ընդգծում է ԹԳՄ նախագահը՝ «կարելի է նրան 100 տոկոսով այդ թատրոնի հիմնադիրը համարել»:

«Որովհետև իհարկե, ֆիզիկապես թատրոնը հիմնադրվել է ավելի վաղ, բայց թատրոնը կայացրեց ու թատրոնին ճանաչում բերեց Ալեքսանդր Գրիգորյանը», - ասաց Հակոբ Ղազանչյանը:

Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է Բաքվում, մասնագիտական կրթությունը ստացել Լենինգրադի՝ ներկայիս Սանկտ-Պետերբուրգի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Նախ, որպես բեմադրիչ աշխատել է ռուսաստանյան որոշ թատրոններում՝ անգամ որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, բայց 33 տարեկան հասակում բնակության է տեղափոխվել Երևան՝ ղեկավարելով ռուսական դրամատիկական թատրոնը մինչև իր կյանքի վերջը:

«Պատանու պես ակտիվ, միշտ, սիրահարված իր թատրոնին, իր դերասաններին, իր ընտանիքին, իր ընկերներին: Սա մեծ կորուստ է, որովհետև պատմության գիրկն անցավ ոչ թե հանրահայտ բեմադրիչ, այլ հանրահայտ ժամանակահատված՝ մի ամբողջ կես դար: Կեսդարյա հայկական թատրոնի պատմության մի շատ կարոր մասնիկ», - ընդգծեց Հակոբ Ղազանչյանը:

Հարցին, թե մասնավորապես անկախությունից հետո ինչպես պահպանվեց ռուսական դրամատիկական թատրոնը և առհասարակ ինչ դեր խաղաց հայ թատերական կյանքում, Հակոբ Ղազանչյանը նախ նկատեց, որ հենց Ալեքսանդր Գրիգորյանի շնորհիվ է պահպանվել ռուսական դրամատիկական թատրոնը:

«Նույնիսկ մերձբալթյան երկրներում, նույնիսկ Վրաստանում այդ պատմությունների հետո ռուսական թատրոններին ոչ ք ձեռք չտվեց, որովհետև մշակութային օջախները մնացին մշակութային օջախ: Հայաստանի ռուսական թատրոնը, որ այսօր կա, դրա համար մենք պետք է ազգովի շնորհակալ լինենք Ալեքսանդր Գրիգորյանին», - ասաց Հակոբ Ղազանչյանը:

Ալեքսանդր Գրիգորյանը մահացել է հոկտեմբերի 31-ին, 81 տարեկանում, ծանր հիվանդությունից հետո: Նա ավելի քան 150 ներկայացում էր բեմադրել: