Նոր նախագծով դատարանը կարող է տուգանել փաստաբաններին, «նպատակը նրանց կաշկանդելն ու լռեցնելն է»

Նոր Դատական օրենսգրքի նախագծով փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով: Գործող օրենսգրքով՝ դատախազներն ու փաստաբանները դատարանի կողմից կարող են ենթարկվել նախազգուշացման, հեռացվել դատական նիստերի դահլիճից կամ էլ դատարանը նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով կարող է դիմել գլխավոր դատախազին ու Փաստաբանների պալատին:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն այս նախաձեռնությունն անհիմն ու չտրամաբանված է համարում: Նպատակը, նրա կարծիքով, փաստաբաններին կաշկանդելն ու լռեցնելն է: «Մշտապես դատարանի նկատմամբ վերաբերմունքը նախատեսված է եղել նաև Քրեական օրենսգրքով: Հիմա ինչ է՝ մասայական քրգործե՞ր են հարուցվել, դատարաններն էլ չե՞ն հասցնում դատավճիռներ կայացնել, որ նոր՝ հերթական մահակի անհրաժեշտությունն է առաջացել»,- հարց է տալիս Վարոսյանը:

Գործող Դատական օրենսգրքով՝ դատական տուգանքը կիրառվում է դատավարությանը մասնակցող և փաստաբան չհանդիսացող անձանց նկատմամբ: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ եթե այս փոփոխություններն ընդունվեն, փաստաբանի նկատմամբ կարող է կիրառվել մինչև 100 հազար դրամի չափով տուգանք, բացի այդ, հնարավոր է նաև, որ առաջանան կարգապահական պատասխանատվության հիմքեր: Զոհրաբյանը խնդրահարույց է համարում տուգանքի մասին դրույթը: Վերջերս մի խումբ փաստաբանների քննադատության թիրախում հայտնված ՓՊ նախագահն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ փաստաբանները կարող են դատավորների «հնարավոր ոչ օրինական միջամտությունների զոհը դառնալ»:

«Փաստ է, որ մեր երկրում դատական իշխանությունը չունի այն հեղինակությունը հասարակության աչքերում, և այս դեպքում դատարանին նման լծակ տալու պայմաններում, կարծում եմ, որ սա իրոք կարող է խնդրահարույց դառնալ ու փաստաբանների անկախությունը վնասել: Չի բացառվում, որ դատավորը համարի, որ իրեն հակաճառող կամ իր վստահորդի շահերը պաշտպանող փաստաբանը, ակտիվ փաստաբանը խանգարում է դատական նիստը և այս տուգանքը կիրառի»,- ասում է Զոհրաբյանը:

Ընդ որում, համաձայն արդարադատության նախարարության մշակած նախագծի՝ տուգանքի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Այն կարելի է բողոքարկել, սակայն որոշումն արդեն դե յուրե ուժի մեջ մտած իրավական ակտ է: «Ի վերջո, դատախազը և փաստաբանը դատավարության կարևոր սուբյեկտներ են և առանց նրանց գործը չի կարող առաջ գնալ: Իրենք պետք է որոշակի իմաստով տարբերվեն դատավարության մյուս մասնակիցներից»,- շարունակում է Արա Զոհրաբյանը:

Նա նաև դատական սանկցիաների հիման վրա հարուցված կարգապահական վարույթների վիճակագրական տվյալներ է ներկայացնում: 2015 թվականին եղել է 6, 2016-ին՝ 21, իսկ մինչ 2017 թվականի հոկտեմբերը՝ 80 վարույթ: Դրանց մեծ մասը բաժին է հասել անցած տարի Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի և Ժիրայր Սեֆիլյանի գործերում ներգրավված փաստաբաններին: Վերջիններս, շարունակաբար պնդում էին, որ ապօրինի զննությունների են ենթարկվում և հրաժարվում էին մտնել նիստերի դահլիճ: Կամ էլ նիստերին չէին մասնակցում իրենց սանկցիաների ենթարկված պաշտպանյալների բացակայության պատճառաբանությամբ՝ իրենց հերթին ենթարկվելով սանկցիաների:

Արա Զոհրաբյանը դատական տուգանքի հնարավոր ներմուծման հարցում քննադատության սլաքը ուղղում է հենց այդ փաստաբանների ուղղությամբ: «Լուսինե Սահակյանը բազմիցս ասել է, որ պալատը թուլացել է, միգուցե հենց էդ իր «թուլանալ ասելուց» պետական մարմինները ոգևորվեցին, որ իրոք թուլացել ենք ու փորձեցին էս նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասում է ՓՊ նախագահը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը հակադարձում է․ «Եթե պետության համար ակնառու լիներ Փաստաբանների պալատը, փաստաբանների շահերը ներկայացնելու տեսանկյունից, նման փորձ չէր էլ արվի: Ես հավաստիացնում եմ ձեզ՝ հինգ տարի առաջ որևէ պետական պաշտոնյայի մտքով նման բան չէր կարող անցնել, որովհետև կար Փաստաբանների պալատ: «Սասնա ծռերի» դեպքը ոչ թե հիմնավորում է, որ նման անհրաժեշտություն կա, այլև հերքում է, որ, այո, փաստաբաններին պիտի գործելու ավելի լայն հնարավորություն տրվի և դրանով նպաստվում է, որպեսզի դատավարության ընթացքում կիրառվող խախտումները հնարավորինս քչանան»:

Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ Փաստաբանների պալատը պատրաստվում է առարկություններ ներկայացնել նախագծի այս դրույթի դեմ: Երվանդ Վարոսյանի կարծիքով էլ՝ եթե տուգանքի դրույթն ամրագրվի, դատական ոլորտում առկա խնդիրներն ավելի կխորանան: