Իսպանիան ձերբակալում է Կատալոնիայի արդեն նախկին կառավարության անդամներին

Բելգիա - Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավար Կարլես Պուջդեմոնը հանդես է գալիս ուղերձով, Բրյուսել, 2-ը նոյեմբերի, 2017թ․

Իսպանիայի դատարանն այսօր քննում է Կատալոնիայի պաշտոնանկ արված առաջնորդ Կարլես Պուջդեմոնին ձերբակալելու հարցը: Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը կարող է Բելգիայում գտնվող առաջնորդին կալանավորելու միջազգային օրդեր հրապարակել:

Ավելի վաղ՝ երեկ, նույն դատավորը որոշել էր ձերբակալել Կատալոնիայի արդեն նախկին կառավարության 8 անդամներին, այդ թվում՝ փոխնախագահ Ուրիոլ Ժունկերասին, բողոքի նոր ալիք բարձրացնելով անջատականների շրջանում:

Դատարանի որոշումից հետո Բարսելոնայի բնակիչները որոշել են աղմուկ բարձրացնել բառի բուն իմաստով՝ խոհանոցային սպասքն ու կաթսաները գործի դնելով:

«Սա ժողովրդավարությանը հասցված վիթխարի հարված է», - ավելի ուշ կատալոնական հեռուստաընկերությամբ հեռարձակված կարճ ուղերձում պնդեց Պուջդեմոնը: - «Հասարակության լայն աջակցությունը վայելող քաղաքական առաջնորդների ձերբակալությունը ոտնահարում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքները: Ես՝ որպես Կատալոնիայում սեպտեմբերի 27-ի քվեարկությամբ ընտրված լեգիտիմ առաջնորդ, պահանջում եմ ազատ արձակել իմ կառավարության անդամներին և վերջ տալ քաղաքական բռնաճնշումներին»:

Պուջդեմոնը Բելգիայում է այս շաբաթասկզբից, երբ Իսպանիայի կառավարությունը որոշեց պաշտոնանկ անել նրան ու Կատալոնիայի կառավարության 13 անդամներին՝ անկախության ձգտող երկրամասն առնելով իր ուղիղ վերահսկողության տակ: Հեռանալով հայրենիքից՝ Պուջդեմոնը միաժամանակ շարունակում է պնդել՝ մտադիր չէ քաղաքական ապաստան հայցել Բելգիայից, բայց և չի համաձայնի արտահանձնվել: «Ես չեմ եկել Բրյուսել՝ քաղաքական ապաստան հայցելու, ես այստեղ եմ, քանի որ այն Եվրոպայի մայրաքաղաքն է, ուր կարող եմ գործել ազատ և անվտանգ», - նախօրեին հայտարարել էր Պուջդեմոնը:

Կատալոնիայում, սակայն, այս հայտարարությունները միանշանակ չեն ընդունում: «Իմ կարծիքով, եթե նա իսկապես սիրում է Կատալոնիան և ուզում է ծառայել այս երկրին, պետք է այստեղ լիներ, կանգներ դատարանի առաջ ու փորձեր պատասխանել՝ որ քայլն է ճիշտ արել, որը՝ սխալ», - Reuters լրատվական գործակալությանը ասել է 55-ամյա հաշվապահ Մանուել Քևասը: Բարսելոնայի մեկ այլ բնակիչ՝ Խորխե Մառոն, մինչդեռ, պնդել է. - «Իմ կարծիքով, սա միայն անկախության հարց չէ, սա այլևս ժողովրդավարության խնդիր է»:

Իսպանացի դատախազները մեղադրանք են ներկայացրել կատալոնացի երկու տասնյակ քաղաքական գործիչների՝ հեղաշրջման փորձի ու տեղական միջոցները յուրացնելու համար: Եթե դրանք ապացուցվեն, անջատականներին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:

Իսպանացի դատախազները մեղադրանք են ներկայացրել կատալոնացի երկու տասնյակ քաղաքական գործիչների՝ հեղաշրջման փորձի ու տեղական միջոցները յուրացնելու համար: Եթե դրանք ապացուցվեն, անջատականներին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում: Մեկը մյուսին հաջորդած աղմկահարուց ձերբակալություններից հետո Բարսելոնայում բողոքի ցույցերը նոր թափ են առնում:

Կատալոնիայի անկախության համար պայքարող Ազգային համագումարը կոչ է արել այսօր երեկոյան կրկին փողոց դուրս գալ՝ «քաղբանտարկյալներին ազատ արձակելու» պահանջով, «Նրանք չեն կարող լռեցնել ազատ ժողովրդի ձայնը»,- ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում:

Պաշտոմական Մադրիդը, մինչդեռ, հաստատակամ է՝ անջատականները կմնան ճաղերի ետևում, քանի դեռ դատարանն է այդպես որոշել: «Ինչպես եվրոպական ցանկացած այլ երկրում, Իսպանիայում ևս դատարանները լիովին անկախ են, և կառավարությունը չի կարող միջամտել, եթե դատավորը կարծում է, որ ինչ-որ մեկը հանցանք է գործել»,- հայտարարելէ Իսպանիայի կառավարության խոսնակ Մենդեզ դե Վիգոն:

Ի դեպ, երեկ բանտ ուղարակելով կատալոնացի նախարարներին՝ Մադրիդի դատարանը ներողամիտ եղավ նրանցից միայն մեկի՝ Սանտի Վիլայի հանդեպ, ով անկախության հռչակումից առաջ հրաժարական էր տվել՝ կոչ անելով երկխոսություն սկսել Մադրիդի հետ: Այսօր Վիլան ազատ արձակվեց իսպանական բանտից՝ 50 հազար եվրո գրավի դիմաց՝ կրկին կոչ անելով կողմերին բանակցությունների գնալ:

«Քաղաքական կուսակցություններից բացի ես դիմում եմ նաև Իսպանիայի կառավարությանը, վարչապետ Ռախոյին ու խորհրդարանների խոսնակներին, խնդրում եմ, որ քաղաքական քայլեր նախաձեռնեն՝ ժողովրդավարական սկզբուքններին համաձայն: Այս ճգնաժամը հնարավոր չէ հարթել դատարաններում, սրա համար քաղաքական լուծում է անհրաժեշտ»,- ասել է Վիլան:

Քաղաքական ճնշումներից բացի՝ կատալոնացիները հիմա ստիպված են նաև տնտեսական մարտահրավերներին դիմակայել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկրամասն անցած ամսվա ընթացքում ամենաշատ աշխատատեղն է կորցրել Իսպանիայի 17 ինքնավարությունների շարքում, քաղաքական անկայունության պատճառով ավելի քան 1000 ընկերություն որոշել է իր գրասենյակը Բարսելոնայից իսպանական այլ շրջաններ տեղափոխել: