Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում առաջիկայում նախատեսվում է, սակայն որտեղ և երբ՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր չհստակեցրեց․ - «Երբ որ արդեն պայմանավորվածություն լինի, էդ ժամանակ էլ կհայտարարվի: Չեմ կարող ասել, քանի չկա կոնկրետ պայմանավորվածություն»:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չէր բացառել, որ Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հետ կարող է հանդիպել նոյեմբերի 16-ին Մոսկվայում։
Ակնկալվում է, որ նոյեմբերի կեսերին Ռուսաստանում Հայաստանի օրերին մասնակցելու համար Մոսկվայում կլինեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, թե Մամեդյարովը նոյեմբերի 16-ին Մոսկվայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Շավարշ Քոչարյանը չհստակեցրեց, թե արդյոք նախատեսված հանդիպումը կարող է կայանալ հենց այդ օրերին:
Հարցին, թե հնարավոր է երկու նախագահների հանդիպում մինչև ապրիլ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը, Շավարշ Քոչարյանն արձագանքեց, թե այդ մասին «դեռ խոսակցություն չկա»:
Չնայած հոկտեմբերին ժնևում կայացած Սարգսյան - Ալիև հանդիպումից հետո
հայտարարվեց, որ նախագահները համաձայնել են լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը, կրակոցները չդադարեցին: Երկու կողմերն էլ հաղորդեցից զոհերի մասին:
Հարցին, թե արդյոք հայկական կողմը պետք է Ադրբեջանի հետ հանդիպումների գնա, երբ այդ երկիրը մինչև օրս չի կատարում մեկուկես տարի առաջ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, փոխարտգործնախարար Քոչարյանն արձագանքեց․ - «Բանակցային ֆորմատը քանդելը Ադրբեջանի երազանքն ու նպատակն է, որովհետև բանակցային ֆորմատը, մեզ բոլորիս հայտնի է՝ միջնորդները հանդիսանում են երեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ, որոնց առաքելության մեջ է նաև խաղաղության պահպանումը: Տվյալ պարագում իրանք, մի կողմից, ունեն առաքելության աշխարհի ցանկացած կետում պահպանել խաղաղությունը, մյուս կողմից՝ միջնորդ են: Հասկանալի է, թե դա ինչ զսպաշապիկ ա նույն Ադրբեջանի համար, որը ձգտում է ուժային լուծումների: Դրա համար էլ ինքը ուզում ա ամեն ձևի ազատվի էդ ֆորմատից: Մենք իրանց ջրաղացին ջուր չլցնենք»:
Ի՞նչ նկատի ուներ Հայաստանի նախագահը, երբ օրերս հայտարարում էր , որ Ղարաբաղի հարցի լուծումը ցավոտ լինելու: Շավարշ Քոչարյանի խոսքով՝ լուծումն առանց փոխզիջումների հնարավոր չէ պատկերացնել, սակայն հիմա փոխզիջումների մասին խոսելն իմաստ չունի․ - «Եթե Ադրբեջանը խելքի գա, և իրոք լուշումը լինի փոխզիջումայինա, ապա, բնական է, դա կողմերի համար ցավալի կլինի: Այսօր, սակայն, դրա որևէ նշան չկա: Ես հրաժարվում եմ խոսել հիմա որևէ փոխզիջման մասին, որովհետև եթե մի կողմը ոչ թե խոսում ա զիջումների մասին, այլ հակառակը՝ բարձրացնում է նշաձողը, ապա խոսել հայկական կողմերին զիջումների մասին կոպիտ սխալ է: Դա կլինի հենց զիջում, այլ ոչ թե փոխզիջում: Դրա համար այն պահին, երբ որ Ադրբեջանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է ինչ-որ զիջման, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ: Այսօր դուք չեք կարող նշել Ադրբեջանի, Բաքվի կողմից որևէ մեկ հայտարարություն, որ ինքը ինչ-որ բանում պատրաստ ա զիջման: Այդ դեպքում ես համարում եմ մոզոխիզմ անընդհան էս հարցը տալը»։
Ինչ վերաբերում է Եվրամիության և Հայաստանի միջև նոյեմբերին նոր համաձայնագրի ստորագրությանը, Շավարշ Քոչարյանը վստահեցրեց, որ ոչ մի խոչընդոտ չկա: